ՍԱՂՄՈՍՆԵՐ 80:7-19

ՍԱՂՄՈՍՆԵՐ 80:7-19 ՆՎԱԱ

Ո՛վ Զորությունների Աստված, վերադարձրո՛ւ մեզ և փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։ Մի որթատունկ փոխադրեցիր Եգիպտոսից, ազգեր դուրս հանեցիր և տնկեցիր այն։ Ճանապարհ պատրաստեցիր նրա առջև և հաստատեցիր նրա արմատները, և նա լցրեց երկիրը։ Սարերը ծածկվեցին նրա ստվերով, և Աստծու մայրիների պես են նրա ճյուղերը։ Նրա ոստերը երկարացրիր մինչև ծովը և նրա ճյուղերը՝ մինչև գետը։ Ինչո՞ւ հիմա քանդեցիր նրա ցանկապատը, որ ճանապարհով բոլոր անցնողները կողոպտեն այն։ Անտառի խոզն ապականում է այն, և վայրի գազանը արածում է նրա մեջ։ Ո՛վ Զորությունների Աստված, դարձի՛ր, երկնքից նայի՛ր և տե՛ս, ե՛կ և նայի՛ր այս որթատունկին Եվ նրա նոր բուսած ճյուղին, որ քո աջը տնկեց, և այն որդուն, որին զորացրիր քեզ համար։ Այրված է, կրակով կտրված. կորչում են քո երեսի սաստելուց։ Թող ձեռքդ քո աջ ձեռքի մարդու վրա լինի, այն մարդու որդու վրա, որին զորացրիր քեզ համար։ Այլևս քեզնից պիտի ետ չդառնանք. կենդանացրո՛ւ մեզ, և կկանչենք քո անունը։ Ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, վերադարձրո՛ւ մեզ, փայլեցրո՛ւ քո երեսը, և կապրենք։