ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:1-35

ՍԱՂՄՈՍՆԵՐ 78:1-35 ՆՎԱԱ

Ակա՛նջ դիր իմ օրենքին, ո՛վ իմ ժողովուրդ. խոնարհեցրե՛ք ձեր ականջները դեպի իմ բերանի խոսքերը։ Ես պիտի առակով բացեմ բերանս, հին ժամանակի խրթին բաներ պիտի խոսեմ, Այն, որ լսեցինք ու ճանաչեցինք, և մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք դրանք չենք թաքցնում որդիներից, եկող սերնդին պատմում ենք Տիրոջ գովասանքը և նրա զորություններն ու արած հրաշքները։ Նա վկայություն հաստատեց Հակոբի մեջ և օրենք դրեց Իսրայելում. այն, որ պատվիրեց մեր հայրերին, որպեսզի սովորեցնեն իրենց որդիներին, Որպեսզի նոր սերունդը և այն որդիները, որ պիտի ծնվեն, իմանան. վեր կենան և պատմեն իրենց որդիներին։ Որ նրանք իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը և պահեն նրա պատվիրանները։ Եվ իրենց հայրերի նման չլինեն ապստամբ և անհնազանդ ազգ. մի ազգ, որ իր սիրտը չպատրաստեց, և իր հոգին հավատարիմ չէ Աստծուն։ Եփրեմի որդիները, որ զենք առած աղեղնավորներ էին, պատերազմի օրը ետ դարձան, Աստծու ուխտը չպահեցին և մերժեցին, չգնացին նրա օրենքի համաձայն։ Եվ մոռացան նրա գործերը և նրա հրաշքները, որ ցույց էր տվել իրենց։ Նրանց հայրերի առաջ հրաշք արեց Եգիպտոսի երկրում՝ Տայանիսի դաշտում։ Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։ Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց և ամեն գիշեր՝ կրակի լույսով։ Վեմերը ճեղքեց անապատում և նրանց խմեցրեց, ինչպես հեղեղներից։ Առուներ հանեց վեմից և գետերի պես ջրեր ցած բերեց։ Բայց և այնպես դարձյալ մեղանչեցին նրա դեմ և անապատի մեջ դառնացրին Բարձրյալին։ Եվ Աստծուն փորձեցին իրենց սրտում՝ կերակուր խնդրելով իրենց անձերի համար։ Եվ խոսեցին Աստծու դեմ և ասացին. «Մի՞թե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում։ Ահա վեմին զարկեց, և ջրեր բխեցին, և առուներ հոսեցին. մի՞թե կարող է հաց էլ տալ. մի՞թե միս էլ կպատրաստի իր ժողովրդի համար»։ Դրա համար էլ Տերը լսեց և խիստ բարկացավ. կրակ բորբոքվեց Հակոբի մեջ, և բարկություն իջավ Իսրայելի վրա, Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։ Տերը վերևից հրաման տվեց ամպերին և բացեց երկնքի դռները, Եվ անձրևի պես մանանա տեղաց նրանց վրա կերակուրի փոխարեն, և երկնքի ցորենը տվեց նրանց։ Մարդը հրեշտակների հաց կերավ. նա առատ կերակուր ուղարկեց նրանց համար։ Նա երկնքում բարձրացրեց արևելյան քամին և իր զորությամբ մոտ բերեց հարավային քամին. Եվ փոշու պես միս թափեց նրանց վրա և ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ. Եվ գցեց նրանց բանակի մեջ՝ բնակարանների չորս կողմը։ Եվ կերան ու խիստ կշտացան, և ըստ իրենց ցանկության տվեց նրանց։ Իրենց ցանկությունից դեռ չէին դադարել, դեռ իրենց կերակուրը բերաններում էր, Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, և սպանեց նրանց զորավորներին և գետնին զարկեց Իսրայելի երիտասարդներին։ Եվ այսուհանդերձ էլի մեղանչեցին և չհավատացին նրա հրաշքներին։ Նա էլ նրանց օրերը սպառեց ունայնության մեջ և նրանց տարիները՝ ահի ու վախի մեջ։ Երբ սպանում էր նրանց, խնդրում էին նրան, ետ էին դառնում և առավոտից փնտրում էին Աստծուն։ Եվ հիշում էին, թե Աստված իրենց վեմն է, և Բարձրյալ Աստվածն իրենց Փրկիչն է։