ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:1-19

ՍԱՂՄՈՍՆԵՐ 51:1-19 ՆՎԱԱ

Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո ողորմության համեմատ և քո մեծ գթությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Ամբողջովին լվա՛ ինձ իմ հանցանքից և սրբի՛ր ինձ իմ մեղքից, Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները, և իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջևում է։ Միայն քո դեմ մեղանչեցի և քո աչքի առաջ չարիք գործեցի, որպեսզի դու արդար լինես խոսքերում և մաքուր լինես քո դատաստանի մեջ։ Ահա ես ծնվեցի անօրենությամբ, և իմ մայրն ինձ մեղքով հղացավ։ Ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում և ծածուկ տեղում իմաստություն կսովորեցնես ինձ։ Մաքրի՛ր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ. լվա՛ ինձ, և ես ձյունից սպիտակ կլինեմ։ Ցնծություն և ուրախությո՛ւն լսել տուր ինձ. թող ցնծան այն ոսկորները, որոնք կոտրատեցիր։ Երեսդ թաքցրո՛ւ իմ մեղքերից և ջնջի՛ր իմ բոլոր անօրենությունները։ Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում։ Դեն մի՛ նետիր ինձ քո ներկայությունից և քո Սուրբ Հոգին մի՛ հանիր ինձնից։ Դարձյալ քո փրկության ուրախությո՛ւնը տուր ինձ և հոժարակամ հոգով հաստատի՛ր ինձ։ Ապա ամբարիշտներին կսովորեցնեմ քո ճանապարհները, և մեղավորները կվերադառնան քեզ։ Փրկի՛ր ինձ արյունապարտությունից, ո՜վ Աստված, իմ փրկությա՛ն Աստված, և իմ լեզուն կփառաբանի քո արդարությունը։ Տե՛ր, բացի՛ր իմ շրթունքները, և իմ բերանը կպատմի քո գովությունը։ Որովհետև դու զոհ չես ուզում, եթե ոչ, ես կմատուցեի քեզ, և ոչ էլ ողջակեզներն ես հավանում։ Աստծու ընդունելի զոհը կոտրված հոգին է. բեկված ու խոնարհ սիրտը, ո՜վ Աստված, դու չես անարգում։ Քո բարեհաճությամբ բարի՛ք արա Սիոնին. շինի՛ր Երուսաղեմի պարիսպները։ Այն ժամանակ քեզ հաճելի կլինեն արդարության զոհերը, ողջակեզներն ու ամբողջովին այրված զոհերը. այն ժամանակ ցլիկներ կմատուցեն քո զոհասեղանի վրա։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում