Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։ Օրը օրին խոսք է հաղորդում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս։ Զրույց չկա, և խոսքեր չկան. լսելի չէ նրանց ձայնը, Բայց նրանց հնչյունը դուրս է գալիս ամեն երկիր, և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը. երկնքում արեգակի համար վրան կանգնեցրեց, Որ փեսայի նման դուրս է գալիս իր առագաստից և հզոր մարդու պես ուրախանում է, որ գնա իր ճանապարհը։ Նրա ելքը երկնքի մի ծայրից է, և նրա ընթացքը՝ մինչև երկնքի մյուս ծայրը. և ոչինչ չի ծածկվում նրա տաքությունից։ Տիրոջ օրենքը կատարյալ է և նորոգում է հոգին. Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է և իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան. Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծաքանակ զտված ոսկին, էլ ավելի քաղցր են, քան մեղրը և մեղրախորիսխը։ Քո ծառան էլ խրատվում է դրանցով, և շատ հատուցում կա դրանց պահպանության մեջ։ Ո՞վ կարող է իմանալ իր հանցանքները. իմ ծածուկ հանցանքներից էլ մաքրի՛ր ինձ։ Քո ծառային պահի՛ր ամբարտավան մեղքերից, որ իշխանություն չունենան ինձ վրա. այն ժամանակ անարատ կլինեմ և մաքուր կլինեմ մեծ անօրենությունից։ Թող քեզ ընդունելի լինեն իմ բերանի խոսքերը և սրտիս խորհուրդները, ո՜վ Տեր, իմ Վե՛մ և իմ Փրկի՛չ։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 19
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 19:1-14
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր