ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:97-176

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:97-176 ՆՎԱԱ

Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։ Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։ Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։ Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։ Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։ Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։ Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։ Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։ Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։ Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։ Ընդունի՛ր իմ բերանի կամավոր զոհերը, Տե՛ր, և ինձ սովորեցրո՛ւ քո իրավունքները։ Իմ անձն ամեն ժամանակ իմ ձեռքի մեջ է, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։ Ամբարիշտները որոգայթ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։ Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են։ Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։ Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։ Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։ Ինձ պահպանի՛ր քո խոսքի համաձայն, որ ապրեմ, և ինձ մի՛ ամաչեցրու իմ հույսի համար։ Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ քո հրամանների մասին։ Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։ Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։ Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։ Ես իրավունք և արդարություն գործեցի. ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։ Քո ծառային երաշխավորի՛ր իր բարիքի համար, որ ամբարտավանները չնեղացնեն ինձ։ Աչքերս մաշվեցին քո փրկությանը և քո արդարության խոսքին սպասելով։ Քո ծառայի հետ վարվի՛ր քո ողորմության համեմատ և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։ Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ քո վկայությունները։ Ժամանակն է, որ Տերն անի այս, որովհետև նրանք խափանեցին քո օրենքը։ Դրա համար էլ ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի ես քո պատվիրաններն եմ սիրում։ Դրա համար էլ լիովին ուղիղ եմ պահում բոլոր պատվիրանները և ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Քո վկայությունները զարմանալի են, դրա համար էլ իմ անձը պահում է դրանք։ Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։ Իմ բերանը բացում և շունչ եմ առնում, որովհետև ցանկանում եմ քո պատվիրանները։ Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ այնպես, ինչպես դու սովոր ես անել քո անունը սիրողներին։ Իմ ընթացքը հաստատի՛ր քո խոսքի մեջ, և անօրենություն չի տիրի ինձ վրա։ Փրկի՛ր ինձ մարդկանց բռնությունից, և ես կպահեմ քո պատվիրանները։ Երեսդ լուսավորի՛ր քո ծառայի համար և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։ Ջրերի առուներ են ցած գալիս իմ աչքերից, որովհետև մարդիկ չեն պահում քո օրենքը։ Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։ Քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, և դրանք կատարյալ ճշմարիտ են։ Իմ նախանձը մաշեց ինձ, որովհետև թշնամիներս մոռանում են քո խոսքը։ Քո խոսքը չափազանց մաքուր է, և քո ծառան սիրում է այն։ Ես ցածր և անարգված եմ, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։ Քո արդարությունը հավիտենական արդարություն է, և քո օրենքը՝ ճշմարիտ։ Նեղությունը և ցավը գտան ինձ. քո պատվիրաններն իմ ուրախությունն են։ Քո վկայությունների արդարությունը հավիտյան է. իմաստո՛ւն դարձրու ինձ, և պիտի ապրեմ։ Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։ Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։ Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։ Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։ Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։ Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։ Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։ Պաշտպանի՛ր իմ իրավունքը և փրկի՛ր ինձ, քո խոսքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Փրկությունը հեռու է ամբարիշտներից, որովհետև չեն փնտրում քո հրամանները։ Տե՛ր, շատ է քո բարեգթությունը. քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։ Ես տեսնում եմ քո դեմ ապստամբածներին և զզվում եմ նրա համար, որ չեն պահում քո խոսքը։ Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։ Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։ Ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։ Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։ Օրը յոթ անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիռների համար։ Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։ Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։ Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։ Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։ Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա քո առջև. քո խոսքի համեմատ իմաստո՛ւն դարձրու ինձ։ Թող իմ աղաչանքը հասնի քո առջև. քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ։ Իմ շրթունքները օրհնություն են բխում, որ ինձ սովորեցնես քո հրամանները։ Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։ Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։ Տե՛ր, ես ցանկանում եմ քո փրկությունը, և քո օրենքն է իմ ուրախությունը։ Իմ անձը թող ապրի և օրհնի քեզ, և ինձ թող օգնեն քո իրավունքները։ Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։