Իմ անձը մաշվեց՝ սպասելով քո փրկությանը, բայց ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
Իմ աչքերը մաշվեցին քո խոսքը ցանկանալու համար. ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։
Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։
Որքա՞ն են քո ծառայի կյանքի օրերը. ե՞րբ պիտի դատաստան անես ինձ հալածողներին։
Ամբարտավանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրենքի համաձայն չեն։
Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։
Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։
Քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ, և ես պիտի պահեմ քո բերանի վկայությունները։
Ո՜վ Տեր, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։
Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. դու հաստատեցիր երկիրը, և նա կա։
Ըստ քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը քո ծառաներն են։
Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։
Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։
Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, որովհետև փնտրում եմ քո պատվիրանները։
Ամբարիշտները սպասում են ինձ, որ ինձ կորցնեն, բայց ես մտաբերում եմ քո պատվիրանները։
Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է։
Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։
Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։
Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։
Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։
Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։
Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։
Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։
Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։
Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։
Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։
Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։
Ընդունի՛ր իմ բերանի կամավոր զոհերը, Տե՛ր, և ինձ սովորեցրո՛ւ քո իրավունքները։
Իմ անձն ամեն ժամանակ իմ ձեռքի մեջ է, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։
Ամբարիշտները որոգայթ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։
Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են։
Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։
Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։
Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։
Ինձ պահպանի՛ր քո խոսքի համաձայն, որ ապրեմ, և ինձ մի՛ ամաչեցրու իմ հույսի համար։
Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ քո հրամանների մասին։
Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։
Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։
Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։