ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:14-29

ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:14-29 ՆՎԱԱ

Տերն իմ զորությունը և իմ սաղմոսն է. նա փրկություն եղավ ինձ համար։ Ցնծության և փրկության ձայն կա արդարների վրաններում. Տիրոջ աջը զորություն է գործում։ Տիրոջ աջը բարձր է. Տիրոջ աջը զորություն է գործում։ Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։ Տերը խիստ խրատեց ինձ, բայց ինձ մահվան չմատնեց։ Ինձ համար բացե՛ք արդարության դռները, որ մտնեմ նրանց մեջ և գոհանամ Տիրոջից։ Այս դուռը Տիրոջն է. արդարները սրանով պիտի մտնեն։ Գոհանում եմ քեզնից, որ ինձ լսեցիր և փրկություն եղար ինձ համար։ Այն քարը, որ շինարարներն անարգեցին, նա դարձավ անկյունաքար։ Տիրոջից եղավ այս բանը, զարմանալի է թվում մեր աչքին։ Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։ Օ՜, Տե՛ր, փրկի՛ր, օ՜, Տե՛ր, հաջողությո՛ւն տուր։ Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անվամբ. օրհնում ենք ձեզ Տիրոջ տնից։ Տերն է Աստվածը և լույս է ցույց տալիս մեզ. մատաղները կապեցե՛ք չվաններով, տարե՛ք մինչև սեղանի եղջյուրները։ Դու ես իմ Աստվածը, և ես գոհանում եմ քեզնից, ո՛վ իմ Աստված, ես պիտի պանծացնեմ քեզ։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։