ԱՌԱԿՆԵՐ 2:1-22
ԱՌԱԿՆԵՐ 2:1-22 ՆՎԱԱ
Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները, Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես, Երբ իմացությանը կանչես և ձայն տաս խոհեմությանը, Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես, Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։ Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։ Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար, Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։ Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։ Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։ Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ, Որպեսզի քեզ ազատի չար մարդու ճանապարհից և նենգություններ խոսող մարդուց, Նրանցից, որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան, Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։ Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ, Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում. Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։ Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։ Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։ Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես, Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։ Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։


