ԱՌԱԿՆԵՐ 18:13-24

ԱՌԱԿՆԵՐ 18:13-24 ՆՎԱԱ

Ով խոսքին պատասխանում է նախքան լսելը, դա նրա համար հիմարություն և նախատինք է։ Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։ Ողջախոհ միտքը գիտություն է ստանում, իսկ իմաստունների ականջը գիտություն է որոնում։ Մարդու ընծան տեղ է բացում նրա համար և նրան մեծամեծերի առաջ է տանում։ Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։ Վիճակը դադարեցնում է կռիվները և բաժանում զորավոր հակամարտողներին։ Դառնացած եղբայրն ամուր քաղաքից անառիկ է, և կռիվները բերդի նիգերի նման են։ Մարդու բերանի պտղից նրա փորը կկշտանա. նա կհագենա իր շրթունքների արդյունքից։ Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, և նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ Առաքինի կին գտնողը բարիք է գտել և Տիրոջից բարեհաճություն ստացել։ Աղքատն աղաչանքներով է խոսում, բայց հարուստը պատասխանում է խստությամբ։ Ընկերներ կան, որոնք կործանում են բերում, բայց ընկեր կա, որ եղբորից ավելի հավատարիմ է։