Ծիծաղելիս էլ սիրտը տրտմում է, և ուրախության վերջը վիշտ է լինում։ Կամակոր սիրտը կկշտանա իր ճանապարհների պտղից, իսկ բարի մարդը՝ ինքն իր գործերի պտղից։ Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։ Իմաստունը վախենում է և հեռանում չարից, իսկ անմիտը գոռոզանում է և ինքնավստահ դառնում։ Շուտ բարկացողը հիմարություն է գործում, իսկ նենգամիտը՝ ատելի դառնում։ Միամիտները հիմարություն կժառանգեն, իսկ խորագետները գիտությամբ կպսակվեն։ Չարերը կխոնարհվեն բարիների առաջ, իսկ անիրավները՝ արդարի դռների մոտ։ Աղքատն իր հարևանին էլ ատելի է, բայց հարուստին սիրողները շատ են։ Իր հարևանին անարգողը մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատներին, երանելի է։ Չէ՞ որ չարիք նյութողները պիտի մոլորվեն, իսկ բարություն մտածողների համար ողորմածություն և հավատարմություն կա։ Ամեն տքնության մեջ օգուտ կա, իսկ շուրթերի դատարկաբանությունը միայն դեպի կարիք է տանում։ Իմաստունների հարստությունն իրենց պսակն է, իսկ անմիտների հիմարությունը հիմարություն կմնա։ Ճշմարտախոս վկան հոգիներ է ազատում, բայց խարդախը խաբեություններ է արտաբերում։ Տիրոջ երկյուղի մեջ ամուր ապահովություն կա, և նրա որդիների համար ապավեն պիտի լինի։ Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։ Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։ Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ դյուրագրգիռ մարդը հիմարություն է անում։ Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։ Աղքատին կեղեքողը նրա Արարչին է անարգում, բայց կարիքավորին գթացողը պատվում է Արարչին։ Անիրավն իր չարության համար կկործանվի, բայց արդարն իր մահվան ժամանակ ապաստան կունենա։ Ողջամիտ մարդու սրտում իմաստությունն է հանգչում, իսկ անմիտների սրտում այն չկա։ Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքն անարգանք է ժողովուրդների համար։ Ուշիմ ծառայի նկատմամբ թագավորը բարեհաճ է, իսկ նրա բարկությունը նախատինք բերող ծառայի վրա է։
Կարդալ ԱՌԱԿՆԵՐ 14
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՌԱԿՆԵՐ 14:13-35
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր