ԹՎԵՐ 6

6
Ուխտավորների կանոններ
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտ է անում՝ իր անձը Տիրոջը նվիրելու որպես ուխտավոր, 3նա պիտի հրաժարվի գինուց և օղուց, գինու քացախ չպիտի խմի և խաղողի օշարակ բնավ չպիտի խմի և խաղող կամ չամիչ չպիտի ուտի։ 4Իր ուխտի բոլոր օրերին որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է ուտի՝ խաղողի կորիզներից մինչև դրա կեղևը։ 5Իր ուխտի բոլոր օրերին նրա գլխին ածելի չպետք է դիպչի. մինչև իր անձը Տիրոջը նվիրելու օրերի վերջանալը նա սուրբ պետք է լինի, պետք է թողնի, որ աճեն իր գլխի մազերը։ 6Իր անձը Տիրոջը նվիրած բոլոր օրերին նա մեռած մարմնի չպետք է մոտենա. 7նա իրեն չպետք է պղծի նույնիսկ իր հոր կամ մոր, իր եղբոր կամ իր քրոջ մեռած ժամանակ նրանց դիակին մոտենալով, որովհետև իր Աստծու ուխտը իր գլխի վրա է։ 8Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ է Տիրոջ համար։ 9Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր մոտ, և պղծվի իր ուխտ արած գլուխը, նա իր մաքրվելու օրը թող ածիլի գլուխը. յոթերորդ օրը ածիլի այն։ 10Ութերորդ օրը նա քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ պիտի բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։ 11Քահանան մեկը պիտի մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, քավություն տա նրան մեռելի պատճառով եղած մեղքի համար և նույն օրը սրբացնի նրա գլուխը։ 12Նա իր ուխտի օրերը նորից կնվիրի Տիրոջը և մեկ տարեկան մի գառ կբերի որպես հանցանքի զոհ։ Նախորդ օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտը պղծվել է։
13Այս է ուխտավորի օրենքը. այն օրը, երբ լրանան նրա ուխտի օրերը, նրան թող բերեն ժողովի վրանի մուտքի մոտ։ 14Նա Տիրոջը կմատուցի իր զոհը. մեկ տարեկան անարատ արու մի գառ ողջակեզի համար, մեկ տարեկան անարատ մի էգ գառ մեղքի զոհի համար և անարատ մի խոյ խաղաղության զոհի համար, 15մի զամբյուղ ընտիր ալյուրից յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ բլիթներ, դրանց հետ նաև հացի ընծան ու թափելու նվերը։ 16Քահանան դրանք կմատուցի Տիրոջ առաջ և կկատարի նրա մեղքի զոհն ու նրա ողջակեզը։ 17Եվ խոյը բաղարջ հացի զամբյուղի հետ կմատուցի Տիրոջ առաջ որպես խաղաղության զոհ, և քահանան կմատուցի հացի նվերն ու թափելու նվերը։ 18Ուխտավորն իր ուխտ արած գլուխը թող ածիլի ժողովի վրանի մուտքի մոտ և առնի իր ուխտ արած գլխի մազերն ու դնի խաղաղության զոհի տակ գտնվող կրակի մեջ։ 19Նրա ուխտի մազերն ածիլելուց հետո քահանան կվերցնի խոյի եփված թևը, իսկ զամբյուղից՝ մի բաղարջ շոթ, մի բաղարջ բլիթ ու կդնի ուխտավորի ձեռքերի վրա։ 20Քահանան դրանք որպես երերացնելու ընծա կմատուցի Տիրոջ առաջ։ Երերացնելով մատուցվող կուրծքը և վերընծայումով մատուցվող ազդրը քահանայի համար սուրբ են։ Դրանից հետո ուխտյալը կարող է գինի խմել։ 21Այս է ուխտավորի օրենքը, որն իր նվերը խոստանում է Տիրոջը իր ուխտի համար, բացի նրանից, երբ նա կարող է իր ուխտի համար ավելին անել. նա կկատարի այն՝ համաձայն իր ուխտի օրենքի”»։
Քահանայական օրհնություն
22Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 23«Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այսպե՛ս օրհնեք Իսրայելի որդիներին՝ ասելով նրանց. 24"Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։ 25Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ 26Տերը բարեհաճ լինի քո հանդեպ#6.26 Բռց. Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա։ և խաղաղություն տա քեզ"։ 27Այսպես նրանք իմ անունը պիտի դնեն Իսրայելի որդիների վրա, և ես կօրհնեմ նրանց”»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում