ԹՎԵՐ 35

35
Ղևտացիներին հատկացված քաղաքները
1Տերը Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց ժառանգության կալվածքներից բնակվելու համար քաղաքներ տան ղևտացիներին. նաև քաղաքների շուրջը գտնվող ագարակները կտրվեն ղևտացիներին։ 3Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։ 4Քաղաքի ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարսպից դուրս շուրջանակի պետք է ունենան երկու հազար կանգուն տարածություն։ 5Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։ 6Այդ քաղաքներից, որ տալու եք ղևտացիներին, վեց ապաստարան-քաղաքներ կորոշեք, որպեսզի սպանություն կատարողը կարողանա փախչել այնտեղ. բացի դրանից, կտաք քառասուներկու քաղաքներ ևս։ 7Ղևտացիներին տրվելիք բոլոր քաղաքների թիվը պիտի լինի քառասունութ քաղաք իրենց ագարակներով։ 8Այն քաղաքները, որ տալու եք Իսրայելի որդիների կալվածքներից. շատ ստացողից շատ պետք է վերցնեք, իսկ քիչ ստացողից՝ քիչ։ Յուրաքանչյուրն իր ստացած ժառանգության համեմատ իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։
Ապաստանի քաղաքներ
(Բ Օր. 19.1-13, Հես. 20.1-9)
9Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 10«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանան գետն անցնեք ու մտնեք Քանանի երկիրը, 11այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որպեսզի այնտեղ կարողանա փախչել սխալմամբ սպանություն կատարած անձը։ 12Այդ քաղաքները ձեզ համար ապաստան թող ծառայեն վրեժխնդիր մարդու դեմ, որպեսզի սպանողը մահվան չդատապարտվի նախքան ժողովրդի առաջ դատաստանի կանգնելը։ 13Ձեր տալիք քաղաքներից վեցը ապաստարան-քաղաքներ թող լինեն ձեզ համար։ 14Քաղաքներից երեքը կտաք Հորդանան գետի այս կողմում, իսկ մյուս երեքը՝ Քանանի երկրում. դրանք ապաստանի քաղաքներ կլինեն։ 15Այդ վեց քաղաքները իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, օտարականի և ձեր մեջ պանդխտացած մարդու համար, որպեսզի այնտեղ փախչի ամեն ոք, ով սխալմամբ մարդ կսպանի։
16Եթե մի մարդ երկաթե գործիքով հարվածի և սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։ 17Եթե մեկը մահ պատճառող քարով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։ 18Կամ եթե մեկը մահ պատճառող փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։ 19Արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին. երբ նրան հանդիպի, թող սպանի նրան։ 20Եթե մի մարդ թշնամությամբ հրի մեկին կամ նենգությամբ նրա վրա մի բան գցելով՝ սպանի նրան 21և կամ թշնամության պատճառով ձեռքով հարվածի նրան ու սպանի, հարվածողն անպատճառ պիտի մեռցվի, նա մարդասպան է. արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին, երբ հանդիպի նրան։
22Բայց եթե հանկարծ առանց թշնամանքի հրի նրան կամ առանց նենգության մի բան նետի նրա վրա 23կամ չնկատելով մահ պատճառող մի քար գցի նրա վրա ու սպանի, բայց ինքը թշնամի չէր նրան և չէր կամենում չարիք պատճառել նրան, 24այն ժամանակ ժողովուրդը սպանողի և արյան վրեժխնդրություն ունեցողի միջև դատաստան թող տեսնի ըստ այս օրենքների. 25ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։ 26Իսկ եթե սպանողը դուրս գա իր ապաստանի քաղաքի սահմաններից, որտեղ նա ապաստանել էր, 27և եթե արյան վրեժխնդրություն ունեցողը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս և սպանի մարդասպանին, ապա նա մահապարտ չի համարվի, 28որովհետև մարդասպանը պետք է իր ապաստանած քաղաքում նստեր, մինչև որ քահանայապետը վախճանվեր։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը կկարողանա վերադառնալ իր կալվածքը։ 29Սրանք ձեզ համար դատաստանի կանոններ կլինեն ձեր սերունդների մեջ, ձեր բնակության բոլոր վայրերում։
30Ով որ մարդ սպանի, վկաների ցուցմունքով մահվան պիտի դատապարտվի։ Մեկ մարդու վկայությունը բավարար չէ մեկին մահվան դատապարտելու համար։ 31Մահապարտ մարդասպանի կյանքի համար փրկագին չպետք է վերցնեք. նա անպատճառ պետք է մեռցվի։ 32Ապաստանի քաղաք փախչողի համար փրկագին չվերցնեք, որ նա վերադառնա իր քաղաքը և նստի այնտեղ քահանայապետի մահից առաջ։ 33Չպղծեք ձեր բնակած երկիրը, որովհետև արյունը պղծում է երկիրը. նրա մեջ թափված արյան համար այլ կերպ քավություն չի լինի, քան այն մարդու արյամբ միայն, որն արյուն է թափել։ 34Ուրեմն չպղծեք ձեր բնակած երկիրը, որտեղ ես պիտի բնակվեմ. որովհետև ես՝ Տերը, բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 35: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում