ԹՎԵՐ 22:21-41

ԹՎԵՐ 22:21-41 ՆՎԱԱ

Առավոտյան Բաղաամը վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Մովաբի իշխանների հետ։ Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։ Էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր ճանապարհին մերկ սուրը իր ձեռքին. թեքվեց ճանապարհից և գնաց դեպի արտը։ Բաղաամը ծեծեց էշին, որպեսզի նրան դեպի ճանապարհը դարձնի։ Տիրոջ հրեշտակը կանգնեց այգիների միջև՝ նեղ ճանապարհին, այնպես որ այս ու մյուս կողմից ցանկապատեր կային։ Երբ էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, քաշվեց պատի կողմը և ճզմեց Բաղաամի ոտքը այդ պատի մոտ։ Բաղաամը դարձյալ ծեծեց էշին։ Տիրոջ հրեշտակը նորից առաջ գնաց ու կանգնեց մի նեղ տեղում, ուր աջ կամ ձախ թեքվելու հնար չկար։ Էշը, տեսնելով Աստծու հրեշտակին, կքեց Բաղաամի տակ։ Բաղաամի բարկությունը բորբոքվեց, և նա գավազանով ծեծեց էշին։ Տերը բացեց էշի լեզուն, և էշն ասաց Բաղաամին. «Ես ի՞նչ եմ արել քեզ, որ երեք անգամ ծեծեցիր ինձ»։ Բաղաամն ասաց էշին. «Նրա համար, որ ծաղրեցիր ինձ։ Երանի՜ թե ձեռքիս սուր լիներ, որ հենց հիմա սպանեի քեզ»։ Էշն ասաց Բաղաամին. «Ես քո այն էշը չեմ, որի վրա դու հեծնել ես սկզբից մինչև այսօր. մի՞թե իմ սովորությունն էր այսպես անել քեզ»։ Նա պատասխանեց. «Ոչ»։ Այն ժամանակ Տերը բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ Տիրոջ հրեշտակին՝ ճանապարհին կանգնած, մերկ սուրը իր ձեռքին։ Նա երեսնիվայր գետին ընկավ և երկրպագեց։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երեք անգամ ծեծեցիր քո էշին։ Ես ահա դուրս եկա քո դեմ կանգնելու համար, որովհետև այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջ։ Էշն ինձ տեսավ և երեք անգամ քաշվեց իմ առաջից։ Եթե նա չքաշվեր իմ առաջից, հիմա ես սպանած կլինեի քեզ, իսկ նրան ողջ կթողնեի»։ Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք գործեցի, որովհետև չիմացա, որ դու էիր ճանապարհին իմ դեմ կանգնել։ Արդ, եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ»։ Տիրոջ հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այդ մարդկանց հետ, բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ քեզ»։ Եվ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։ Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, դուրս եկավ դիմավորելու նրան մինչև մովաբացիների մի քաղաքը՝ Առնոնի սահմանի մոտ, նրա սահմանածայրում։ Բաղակն ասաց Բաղաամին. «Չէ՞ որ մարդ էի ուղարկել քեզ կանչելու համար։ Ինչո՞ւ չեկար ինձ մոտ։ Կարծում էիր, թե չէի՞ կարող պատվել քեզ»։ Բաղաամն ասաց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ. բայց ես զորություն ունե՞մ մի բան ասելու։ Աստված ինչ խոսք որ դնի իմ բերանում, այն պիտի ասեմ»։ Բաղաամը գնաց Բաղակի հետ, և եկան Կարիաթ-Հուսոթ։ Բաղակը արջառներ ու ոչխարներ մորթեց և դրանք ուղարկեց Բաղաամին ու նրա հետ եկած իշխաններին։ Երբ առավոտ եղավ, Բաղակը, իր հետ առնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձր տեղերը, որտեղից Բաղաամը տեսավ ժողովրդի մի մասին։