ԹՎԵՐ 21

21
Քանանացիների դեմ հաղթանակը
1Հարավային կողմում բնակվող քանանացի Արադի թագավորը լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայելացիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։ 2Իսրայելացիները ուխտ արեցին Տիրոջը և ասացին. «Եթե մեր ձեռքը հանձնես այդ ժողովրդին, մենք կնզովենք նրա քաղաքները»։ 3Տերը լսեց իսրայելացիների ձայնը և քանանացիներին մատնեց նրանց ձեռքը։ Իսրայելացիները նզովեցին նրանց ու նրանց քաղաքները և այդ վայրը կոչեցին Հորմա։#21.3 Եբր. նզովք կամ իսպառ կործանում։
Պղնձե օձը
4Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով՝ նրանք շրջանցեցին եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին։ 5Եվ սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք. որովհետև ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։ 6Տերը թունավոր օձեր ուղարկեց ժողովրդի վրա, որոնք խայթեցին մարդկանց, այնպես որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։ 7Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. «Մենք մեղանչեցինք Տիրոջ և քո դեմ խոսելով։ Աղոթի՛ր Տիրոջը, որ մեզանից հեռացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց ժողովրդի համար։ 8Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օ՛ձ պատրաստիր և այն դի՛ր մի ձողի վրա. ով որ խայթվի և նայի այդ օձին, կփրկվի»։ 9Մովսեսը պղնձե մի օձ պատրաստեց և այն դրեց ձողի վրա։ Երբ որ օձը մեկին խայթում էր, նա նայում էր պղնձե օձին և առողջանում էր։
Հոր լեռից դեպի Մովաբի հովիտ
10Իսրայելի որդիները, մեկնելով այդտեղից, բանակատեղի դրեցին Օբոթում։ 11Օբոթից նրանք դուրս եկան և բանակատեղի դրեցին Իյե-Աբարիմում, այն անապատում, որը գտնվում է Մովաբի դիմաց՝ դեպի արևելք։ 12Այնտեղից մեկնելով՝ նրանք բանակատեղի դրեցին Զարեդ ձորում։
13Այնտեղից էլ մեկնելով՝ բանակատեղի դրեցին Առնոն գետի մյուս կողմում, որը հոսում է անապատում՝ ամորհացիների սահմանից դուրս. որովհետև Առնոնը մովաբացիների սահմանն է, մովաբացիների և ամորհացիների միջև։ 14Դրա համար էլ Տիրոջ պատերազմների գրքում գրված է.
«Վահեպը Սուֆայում
Եվ Առնոնի գետերը
Եվ գետերի հորձանքը,
15Որ դառնում է դեպի Արի բնակարանը
Եվ թեքվում դեպի Մովաբի սահմանը»։
16Այնտեղից նրանք եկան Ջրհորը։ Սա այն ջրհորն է, որի մասին Տերն ասել էր Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես նրանց խմելու ջուր կտամ»։ 17Այն ժամանակ իսրայելացիներն այս երգը երգեցին.
«Բխի՛ր, ջրհո՛ր. երգեցե՛ք նրա համար.
18Ջրհորը, որը իշխանները փորեցին,
Ժողովրդի ազնվականները խորացրին
Իրենց մականով ու գավազաններով»։
19Անապատից նրանք գնացին Մաթանա, Մաթանայից՝ Նաալիել, Նաալիելից՝ Բամոթ, 20Բամոթից՝ Մովաբի դաշտը, դեպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը։
Հաղթանակ Սեհոն և Օգ թագավորների դեմ
21Իսրայելացիները պատգամախոսներ ուղարկեցին ամորհացիների Սեհոն թագավորի մոտ՝ ասելու. 22«Թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. չենք շեղվի ո՛չ արտերի և ո՛չ էլ այգիների մեջ ու չենք խմի ջրհորի ջրից. կգնանք արքունի ճանապարհով, մինչև որ անցնենք քո սահմաններից»։ 23Սեհոնը թույլ չտվեց իսրայելացիներին անցնել իր սահմաններով, այլ նա հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս ելավ կռվելու իսրայելացիների դեմ անապատում։ Նա եկավ Հասսա և պատերազմ մղեց իսրայելացիների դեմ։ 24Իսրայելացիները սրակոտոր արեցին նրանց և տիրեցին նրա երկրին Առնոնից մինչև Հաբոկ, մինչև Ամմոնի որդիների երկիրը, որովհետև ամմոնացիների սահմանն ամուր էր։ 25Իսրայելացիները գրավեցին այս բոլոր քաղաքները և բնակվեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր գյուղերում, 26որովհետև Եսեբոնը ամորհացիների Սեհոն թագավորի քաղաքն էր։ Նա, մովաբացիների նախորդ թագավորի դեմ պատերազմելով, նրա ձեռքից վերցրել էր նրա ամբողջ երկիրը մինչև Առնոն։ 27Դրա համար առակախոսներն ասում են.
«Եկե՛ք Եսեբոն,
Թող վերաշինվի և բարեզարդվի Սեհոնի քաղաքը,
28Քանզի կրակ ելավ Եսեբոնից,
Բոց՝ Սեհոնի քաղաքից,
Այրեց Մովաբի Արը,
Առնոնի բարձր տեղերի տերերին։
29Վա՜յ քեզ, Մովա՛բ,
Կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ.
Նրանց որդիները փախուստի մատնվեցին,
Իսկ աղջիկները գերի ընկան
Ամորհացիների արքա Սեհոնի ձեռքը։
30Բայց մենք նետահարեցինք նրանց.
Եսեբոնը կորավ մինչև Դեբոն.
Եվ ավերեցինք մինչև Նոփա,
Մինչև Մեդեբա»։
31Այսպես իսրայելացիները բնակվեցին ամորհացիների երկրում։ 32Մովսեսը մարդ ուղարկեց հետախուզելու Հազերը, և գրավեցին նրա գյուղերն ու այնտեղից դուրս քշեցին ամորհացիներին։
33Ապա շրջվեցին ու եկան Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս ելավ պատերազմելու նրանց դեմ Եդրայիում։ 34Տերն ասաց Մովսեսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ամբողջ ժողովրդին և նրա երկիրը։ Դու նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ»։ 35Եվ այսպես իսրայելացիները հարվածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, այնպես որ մեկ հոգու էլ չթողեցին և տիրեցին նրանց երկրին։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 21: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում