ԹՎԵՐ 14:1-23

ԹՎԵՐ 14:1-23 ՆՎԱԱ

Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, և ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. «Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում կամ մեռած լինեինք հենց այս անապատում։ Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք, և մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ՞, որ վերադառնանք Եգիպտոս»։ Եվ նրանք ասացին միմյանց. «Եկե՛ք մի առաջնորդ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։ Երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը պատառոտեցին իրենց հագուստները և իրենց խոսքն ուղղելով Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին՝ ասացին. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, շատ, շատ լավ երկիր է։ Եթե Տերը բարեհաճ լինի մեր նկատմամբ, նա մեզ կտանի այդ երկիրը և մե՛զ կտա այն, որ մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։ Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։ Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։ Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի արհամարհի ինձ և մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ, այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց մեջ։ Պիտի հարվածեմ նրանց ժանտախտով և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ նրանցից ավելի մեծ և հզոր ազգ դարձնեմ»։ Մովսեսն ասաց Տիրոջը. «Այն ժամանակ եգիպտացիները կլսեն (որովհետև դու քո զորությամբ այս ժողովրդին հանեցիր նրանց միջից) և կասեն այս երկրի բնակիչներին։ Նրանք լսել են, որ դու, ո՛վ Տեր, այս ժողովրդի մեջ ես, որ դու, ո՛վ Տեր, դեմ առ դեմ երևում ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և որ ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով գնում ես նրանց առջևից։ Արդ եթե դու այս ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա քո համբավը լսող ազգերը կխոսեն՝ ասելով. “Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ”։ Այժմ իմ Տիրոջ զորությունը թող մեծանա, ինչպես որ խոսեցիր՝ ասելով. “Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնի հանցավորին՝ հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։ Աղաչում եմ, ների՛ր այս ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր նրանց Եգիպտոսից դուրս գալուց մինչև այսօր»։ Տերն ասաց. «Ներեցի քո ասածի համաձայն, բայց կենդանի եմ ես, և ամբողջ երկիրը լցված է Տիրոջ փառքով. որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը, չեն տեսնի այն երկիրը, որ ես երդումով խոստացա նրանց հայրերին. և ինձ արհամարհողներից ոչ մեկը չի տեսնի այն։