ՆԵԵՄԻԱ 6:2-9

ՆԵԵՄԻԱ 6:2-9 ՆՎԱԱ

այդ ժամանակ Սանաբաղատը և Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ հանդիպենք Ովնովի դաշտի գյուղերից մեկում». բայց նրանք մտածում էին, որ ինձ մի չարություն անեն։ Եվ ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի՝ ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել. ինչո՞ւ գործը դադարի, երբ ես թողնեմ այն և իջնեմ ձեզ մոտ»։ Բայց նրանք այս հրավերով չորս անգամ ինձ մոտ ուղարկեցին, և ես նրանց նույն խոսքով պատասխանեցի։ Եվ Սանաբաղատն այս հրավերով հինգերորդ անգամ իր ծառային ինձ մոտ ուղարկեց՝ մի բաց նամակ նրա ձեռքին։ Նրա մեջ գրված էր. «Ազգերի մեջ լուր է տարածվել, և Գեսամն ասում է, որ դու և հրեաները խորհում եք ապստամբել, դու դրա համար ես պարիսպը շինում. դու նաև ուզում ես, որ նրանց թագավորը լինես, ըստ այդ խոսքերի։ Նաև մարգարեներ ես դրել, որ քո մասին քարոզեն Երուսաղեմում՝ ասելով. “Թագավո՜ր Հրեաստանի”. և արդ այսպիսի խոսքեր պիտի հասնեն թագավորին. ուրեմն եկ հանդիպենք»։ Եվ ես մարդ ուղարկեցի նրա մոտ և ասացի. «Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես, այլ դու քեզանից ես հնարել դա»։ Որովհետև նրանք ամենքն էլ մեզ վախեցնում էին՝ ասելով. «Նրանց ձեռքերը կթուլանան այդ գործից, և չի կատարվի»։ Բայց դու, ո՛վ Աստված, զորացրո՛ւ իմ ձեռքերը։