ՆԵԵՄԻԱ 4:7-14

ՆԵԵՄԻԱ 4:7-14 ՆՎԱԱ

Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամմոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և քանդված տեղերն սկսել են կարկատվել, շատ բարկացան։ Եվ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն և նրան վնաս տան։ Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։ Եվ հրեաներն ասացին. «Բեռնակիրների ուժը թուլացել է, իսկ հողը շատ է, և մենք չենք կարողանում պարիսպը շինել»։ Բայց մեր թշնամիներն ասում էին. «Չիմանան և չտեսնեն, մինչև որ մտնենք նրանց մեջ և սպանենք նրանց և գործը խափանենք»։ Եվ երբ նրանց մոտակայքում բնակվող հրեաները եկան և տասն անգամ ամեն տեղերից մեզ ասացին, թե հետ դարձեք մեզ մոտ, այն ժամանակ պարսպի հետևի ցած և չոր տեղերում կանգնեցրի ժողովրդին ըստ տոհմերի՝ իրենց սրերով, նիզակներով և աղեղներով։ Նայեցի ու վեր կացա և ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Նրանցից մի՛ վախեցեք, հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր որդիների ու ձեր դուստրերի, ձեր կանանց և ձեր տների համար»։