ՆԱՈՒՄ 1:1-15

ՆԱՈՒՄ 1:1-15 ՆՎԱԱ

Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։ Նախանձախնդիր և վրեժխնդիր Աստված է Տերը. Տերը վրեժխնդիր է և զայրույթով լի. Տերը վրիժառու է իր ոսոխներից և զայրույթ պահող իր թշնամիների դեմ։ Տերը համբերատար է և մեծազոր և Տերը երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է, և ամպերը նրա ոտքերի փոշին են։ Նա սաստում է ծովին և այն ցամաքեցնում ու բոլոր գետերը չորացնում։ Թառամում են Բասանն ու Կարմեղոսը, և Լիբանանի ծաղիկը թառամում է։ Սարերը դողում են նրանից, և բլուրները հալվում են, երկիրը հևում է նրա առաջ, աշխարհն ու նրանում բոլոր բնակվողները։ Նրա ցասման առաջ ո՞վ կկանգնի և ո՞վ կդիմանա, երբ բորբոքվում է նրա բարկությունը, նրա զայրույթը թափվում է կրակի պես, և ապառաժները խորտակվում են նրա առաջ։ Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում իրեն ապավինողներին, նույնիսկ հորդահոս հեղեղի ժամանակ։ Բայց պիտի կործանի այն քաղաքը, որ կապստամբի իր դեմ, և խավարի մեջ պիտի նետի իր թշնամիներին։ Տիրոջ դեմ ի՞նչ եք նյութում. վերջ տվողը նա է, նեղությունը երկրորդ անգամ վրա չի հասնի։ Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։ Քեզանից դուրս եկավ Տիրոջ դեմ չարություն նյութողն ու արժեզուրկ խորհուրդներ տվողը։ Այսպես է ասում Տերը. «Թեև նրանք խաղաղության մեջ են և բազմաթիվ, բայց և այնպես պետք է կոտորվեն և վերանան։ Թեպետ ես տառապեցրել եմ քեզ, այլևս չեմ տառապեցնելու։ Եվ հիմա նրա լուծը պիտի հանեմ քո վրայից և կապերդ պիտի կտրեմ»։ Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։ Ահա սարերի վրա՝ ավետիս բերողի և խաղաղություն քարոզողի ոտքերը. տոնի՛ր քո տոները, ո՛վ Հուդա, կատարի՛ր քո ուխտերը, որովհետև քո միջով այլևս անօրեն չպիտի անցնի. բոլորը բնաջնջվեցին։