Մարկոս 8:13-38

Մարկոս 8:13-38 ՆՎԱԱ

Նրանց թողեց, դարձյալ նավ մտավ ու մյուս կողմը գնաց։ Աշակերտները մոռացել էին հաց վերցնել։ Նավում իրենց հետ մեկ հացից բացի ուրիշ ոչինչ չունեին։ Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Զգուշացե՛ք փարիսեցիների ու հերովդեսականների խմորից»։ Աշակերտները մտածում էին և իրար մեջ ասում. «Քանի որ հաց չունենք, դրա համար է այդ ասում»։ Հիսուսը հասկացավ և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք մտածում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում. ձեր սիրտն այդքան ընդարմացա՞ծ է։ Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու չե՞ք հիշում։ Երբ այն հինգ հացը հինգ հազար մարդու համար կտրեցի, դրանց կտորներից քանի՞ կողով լիքը վերցրիք»։ Նրան ասացին. «Տասներկու»։ «Իսկ երբ յոթ հացը չորս հազար մարդու համար կտրեցի, դրանց կտորների՞ց քանի զամբյուղ լիքը վերցրիք»։ Նրանք ասացին. «Յոթ»։ Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս չեք հասկանում»։ Եկան Բեթսայիդա. նրա առաջ բերեցին մի կույրի ու խնդրում էին, որ դիպչի նրան։ Հիսուսը կույրի ձեռքից բռնեց, գյուղից դուրս տարավ։ Նրա աչքերին թքելով ու ձեռքով դրանց դիպչելով՝ նրան հարցրեց, թե որևէ բան տեսնո՞ւմ է։ Նա նայեց ու ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որոնք քայլող ծառերի նման են»։ Հետո դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց և նրան հստակ տեսնել տվեց։ Նրա տեսողությունը վերականգնվեց, և բոլորին պարզ տեսնում էր։ Հիսուսը նրան տուն ուղարկեց՝ ասելով. «Ո՛չ գյուղ կմտնես, ո՛չ էլ գյուղում մեկին կասես»։ Հիսուսն իր աշակերտների հետ Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը գնաց։ Ճանապարհին աշակերտներին հարցրեց ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ եմ ես»։ Նրանք պատասխանեցին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք՝ Եղիան, ոմանք էլ՝ մարգարեներից մեկը»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Հապա դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց ու նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։ Այդժամ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ այդ մասին ոչ ոքի չասեն։ Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել, որ Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, փորձության ենթարկվի ծերերից, քահանայապետներից ու դպիրներից, պետք է մահանա և երեք օր հետո հարություն առնի։ Եվ նա բացահայտ խոսում էր նրանց հետ այդ մասին։ Պետրոսը նրան մի կողմ տարավ ու սկսեց հանդիմանել։ Սակայն Հիսուսը դարձավ դեպի իր աշակերտները, նայեց նրանց և Պետրոսին հանդիմանեց ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես մտածում, ինչպես Աստված է կամենում, այլ ինչպես մարդիկ»։ Ապա Հիսուսը ժողովրդին աշակերտների հետ միասին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, իր խաչը վերցնի ու իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը ինձ համար ու Ավետարանի համար կորցնի, նա կփրկի այն։ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև մարդն իր կյանքի համար ի՞նչ հատուցում կտա։ Ով, ապրելով այս շնացող և մեղավոր ազգի մեջ, ինձ ու իմ խոսքերը ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրա՛ն կամաչեցնի, երբ գա իր Հոր փառքով ու սուրբ հրեշտակներով»։