Մարկոս 8:1-12

Մարկոս 8:1-12 ՆՎԱԱ

Այն օրերին, երբ դարձյալ շատ ժողովուրդ էր հավաքվել, և ուտելու բան չունեին, Հիսուսն իր աշակերտներին կանչեց ու նրանց ասաց. «Այս ժողովրդին խղճում եմ, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին կնվաղեն, քանի որ ոմանք հեռվից են եկել»։ Աշակերտները պատասխանեցին նրան. «Ինչպե՞ս կարելի է այս ամայի վայրում նրանց հացով կշտացնել»։ Հիսուսը հարցրեց նրանց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք պատասխանեցին՝ յոթ։ Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ գետնին նստեն։ Եվ վերցրեց այն յոթ հացը, գոհություն հայտնեց, մասերի բաժանեց և իր աշակերտներին տվեց, որ բաժանեն. նրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Ունեին նաև մի քանի փոքր ձկներ. նա օրհնեց ու ասաց, որ դրանք էլ բաժանեն։ Կերան ու կշտացան. և յոթ զամբյուղ էլ ավելացած կտորներ հավաքեցին։ Մոտ չորս հազար մարդ կար։ Ապա Հիսուսը նրանց արձակեց և աշակերտների հետ իսկույն նավ մտավ ու Դաղմանութայի կողմերը եկավ։ Փարիսեցիները եկան ու սկսեցին նրա հետ վիճել. նրան փորձելու համար նրանից նշան էին ուզում երկնքից։ Եվ նա հոգով տրտմեց ու ասաց. «Ինչո՞ւ է այս ազգը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս ազգին այդպիսի նշան չի տրվելու»։