Հիսուսն այնտեղից դուրս եկավ և գնաց իր հայրենի քաղաքը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից։ Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։ Սա այն հյուսնը չէ՞, Մարիամի որդին, Հակոբոսի ու Հովսեսի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ դա խանգարում էր նրանց հավատալ Հիսուսին։ Հիսուսը նրանց ասաց. «Չկա մի մարգարե, որ չանարգվի իր հայրենիքում, իր ազգականների ու իր տան մեջ»։ Եվ չէր կարողանում այնտեղ ոչ մի հրաշք գործել, բացի մի քանի հիվանդների վրա ձեռքերը դնելուց ու բժշկելուց։ Եվ զարմանում էր նրանց անհավատության վրա։
Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերում և ուսուցանում։
Եվ իր մոտ կանչեց տասներկուսին ու սկսեց երկու-երկու ուղարկել՝ նրանց իշխանություն տալով պիղծ ոգիների վրա։ Նրանց պատվիրեց, որ ճանապարհի համար ոչինչ չվերցնեն, բացի գավազանից. ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ գոտու մեջ, այլ հողաթափեր հագնեն և երկուական հագուստ չվերցնեն։ Նրանց նաև ասաց. «Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք այնքան ժամանակ, մինչև այնտեղից մեկնեք։ Եվ ովքեր ձեզ չընդունեն ու ձեզ ականջ չդնեն, այնտեղից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք՝ որպես վկայություն նրանց դեմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Սոդոմի ու Գոմորի դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այն քաղաքինը»։
Աշակերտները դուրս ելան և քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն։ Շատ դևեր էին հանում, շատ հիվանդների յուղով օծում էին և բժշկում նրանց։
Եվ Հերովդես թագավորը լսեց Հիսուսի մասին, որովհետև նրա անունը հայտնի էր դարձել։ Ոմանք ասում էին, թե Հովհաննես Մկրտիչը մեռելներից հարություն է առել, և դրա համար նրա կողմից հրաշքներ են գործվում։ Ոմանք ասում էին, թե Եղիան է, ոմանք էլ, թե մարգարե է կամ մարգարեների նման մեկը։ Եվ երբ Հերովդեսը լսեց, ասաց. «Սա Հովհաննեսն է, որին ես գլխատեցի. նա մեռելներից հարություն է առել»։
Որովհետև Հերովդեսն ինքն էր ուղարկել Հովհաննեսին բռնելու և նրան բանտարկելու իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, որին կնության էր առել։ Իսկ Հովհաննեսը Հերովդեսին ասել էր. «Չի թույլատրվում, որ եղբորդ կնոջն առնես»։ Հերովդիան նրա դեմ ոխ էր պահում և ուզում էր սպանել նրան, բայց չէր կարողանում, որովհետև Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր։ Նա գիտեր, որ Հովհաննեսը արդար ու սուրբ մարդ է, և խնայում էր նրան՝ նրա ասածներից շատ բաներ անելով, և հաճույքով լսում էր նրան։
Մի հարմար օր պատահեց, երբ Հերովդեսն իր ծննդյան օրն ընթրիքի էր հրավիրել նախարարներին, զորապետներին ու Գալիլեայի մեծամեծներին։ Երբ Հերովդիայի աղջիկը ներս մտավ և պարեց, Հերովդեսին ու հրավիրվածներին դուր եկավ։ Թագավորն աղջկան ասաց. «Խնդրի՛ր ինձանից, ինչ ուզում ես, և ես կտամ քեզ»։ Եվ նրան երդվեց. «Ի՛նչ էլ ինձանից խնդրես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։ Նա դուրս գնաց, իր մորը հարցրեց. «Ի՞նչ խնդրեմ»։ Իսկ նա պատասխանեց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Աղջիկը շտապ թագավորի մոտ մտավ ու ասաց. «Ուզում եմ, որ հիմա Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղի վրա ինձ տաս»։ Թագավորը շատ տրտմեց, բայց հրավիրվածների ներկայությամբ տված երդման պատճառով չցանկացավ նրան մերժել։ Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց Հովհաննեսի գլուխը բերել։ Եվ նա գնաց ու բանտում գլխատեց նրան։ Նա գլուխն սկուտեղի վրա բերեց և տվեց աղջկան, իսկ աղջիկը մորը տվեց այն։ Երբ Հովհաննեսի աշակերտները լսեցին, եկան վերցրին նրա մարմինն ու գերեզման դրեցին։