Մարկոս 6:1-13

Մարկոս 6:1-13 ՆՎԱԱ

Հիսուսն այնտեղից դուրս եկավ և գնաց իր հայրենի քաղաքը։ Նրա աշակերտները գնում էին նրա հետևից։ Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։ Սա այն հյուսնը չէ՞, Մարիամի որդին, Հակոբոսի ու Հովսեսի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ դա խանգարում էր նրանց հավատալ Հիսուսին։ Հիսուսը նրանց ասաց. «Չկա մի մարգարե, որ չանարգվի իր հայրենիքում, իր ազգականների ու իր տան մեջ»։ Եվ չէր կարողանում այնտեղ ոչ մի հրաշք գործել, բացի մի քանի հիվանդների վրա ձեռքերը դնելուց ու բժշկելուց։ Եվ զարմանում էր նրանց անհավատության վրա։ Հիսուսը շրջում էր շրջակա գյուղերում և ուսուցանում։ Եվ իր մոտ կանչեց տասներկուսին ու սկսեց երկու-երկու ուղարկել՝ նրանց իշխանություն տալով պիղծ ոգիների վրա։ Նրանց պատվիրեց, որ ճանապարհի համար ոչինչ չվերցնեն, բացի գավազանից. ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ գոտու մեջ, այլ հողաթափեր հագնեն և երկուական հագուստ չվերցնեն։ Նրանց նաև ասաց. «Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք այնքան ժամանակ, մինչև այնտեղից մեկնեք։ Եվ ովքեր ձեզ չընդունեն ու ձեզ ականջ չդնեն, այնտեղից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք՝ որպես վկայություն նրանց դեմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Սոդոմի ու Գոմորի դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այն քաղաքինը»։ Աշակերտները դուրս ելան և քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն։ Շատ դևեր էին հանում, շատ հիվանդների յուղով օծում էին և բժշկում նրանց։