Մարկոս 3:21-35

Մարկոս 3:21-35 ՆՎԱԱ

Նրա յուրայինները, լսելով, դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։ Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին եկել, ասում էին, թե Բեեղզեբուղ ունի և դևերի իշխանի ձեռքով է դևերին հանում։ Այդ ժամանակ Հիսուսը, նրանց իր մոտ կանչելով, առակներով ասում էր նրանց. «Սատանան ինչպե՞ս կարող է սատանային դուրս հանել։ Եթե մի թագավորություն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող հարատևել։ Եվ եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը կանգուն մնալ չի կարող։ Եթե սատանան ինքն իր դեմ դուրս գա և բաժանվի, չի կարող կանգուն մնալ. նրա վախճանը հասել է։ Ոչ ոք, զորեղ մարդու տունը մտնելով, չի կարող նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ այդ զորեղ մարդուն չկապի. հետո նրա տունը կկողոպտի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. մարդկանց որդիների բոլոր մեղքերն ու հայհոյանքները կներվեն, բայց ով Սուրբ Հոգուն հայհոյի, հավիտյան թողություն չի ստանա, այլ հավիտենական դատապարտության կենթարկվի»։ Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին, թե նրա մեջ պիղծ ոգի կա։ Հետո եկան նրա մայրն ու եղբայրները և դրսում կանգնած՝ նրա մոտ մարդ ուղարկեցին, որ նրան կանչի։ Նրա շուրջը նստել էր բազմությունը։ Նրան ասացին. «Ահա մայրդ ու եղբայրներդ դրսում քեզ են ուզում»։ Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ Ապա իր շուրջը նստածներին նայեց ու ասաց. «Ահա իմ մայրն ու իմ եղբայրները։ Որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։