Մարկոս 3:1-21

Մարկոս 3:1-21 ՆՎԱԱ

Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Եվ սպասում էին Հիսուսին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբուժի՞ նրան, որպեսզի ամբաստանեին։ Նա ձեռքը չորացած մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ Իսկ նրանց հարցրեց. «Օրենքը որևէ մեկին թույլ է տալիս շաբաթ օրը բարի՞ գործ անել, թե՞ չար, մի կյանք փրկե՞լ, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լռեցին։ Նա, իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, ու նրա ձեռքն առողջացավ։ Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս գնացին. հերովդեսականների հետ նրա դեմ խորհուրդ էին անում, թե նրան ինչպե՛ս կորցնեն։ Եվ Հիսուսն իր աշակերտների հետ լճի մոտ գնաց։ Եվ Գալիլեայից ու Հուդայից մեծ բազմություններ էին նրա հետևից գնում։ Բազում ժողովուրդ Երուսաղեմից, Եդովմից, Հորդանանից դուրս գտնվող շրջանից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին, երբ լսում էին, թե ինչե՛ր է անում, նրա մոտ էին գալիս։ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ բազմության պատճառով իր համար մի փոքր նավ պատրաստ պահեն, որպեսզի մարդիկ իրեն չսեղմեն։ Քանի որ շատերին էր բժշկել, արդ ովքեր տառապում էին հիվանդություններից, նրա վրա էին թափվում նրան դիպչելու համար։ Եվ երբ պիղծ ոգիները նրան տեսնում էին, նրա առաջն էին ընկնում, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու Որդին ես»։ Եվ նա խիստ սաստում էր նրանց, որ իր ով լինելը չհայտնեն։ Հիսուսը լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, ում որ կամեցավ։ Եվ նրանք նրա մոտ գնացին։ Նա ընտրեց տասներկու հոգու, որ իր հետ լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու, և որ նրանք ցավերը բուժելու, դևեր հանելու իշխանություն ունենան։ Նա ընտրեց Սիմոնին, որի անունը Պետրոս դրեց, Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու Հակոբոսի եղբորը՝ Հովհաննեսին, որոնց անվանեց Բաներեգես, որ է «Որոտման որդիներ», Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն և Հուդա Իսկարիովտացուն, որն էլ մատնեց նրան։ Եվ տուն եկան. դարձյալ բազմություն հավաքվեց, նույնիսկ չկարողացան հաց ուտել։ Նրա յուրայինները, լսելով, դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։