Մարկոս 14:43-72

Մարկոս 14:43-72 ՆՎԱԱ

Եվ շուտով, երբ նա դեռ խոսում էր, եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ կար սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ Նրան մատնողը նրանց նշան էր տվել և ասել. «Ում համբուրեմ, նա է. նրան բռնե՛ք ու զգուշությամբ տարե՛ք»։ Հուդան իսկույն եկավ, մոտեցավ նրան ու ասաց. «Ռա՛բբի, Ռա՛բբի», և նրան համբուրեց։ Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ Ապա նրա մոտ գտնվողներից մեկը սուրը քաշեց, զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։ Հիսուսն ասաց նրանց. «Սրերով ու մահակներով իմ դեմ ելաք որպես ավազակի՞, որ ձերբակալեք ինձ։ Ամեն օր ձեզ մոտ էի, ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք. բայց այսպես եղավ, որպեսզի կատարվեն գրվածքները»։ Եվ ամենքը նրան թողեցին ու փախան։ Մի երիտասարդ էր նրա հետևից գնում՝ մերկ մարմնին սավան փաթաթած։ Նրան բռնեցին։ Իսկ նա սավանը թողեց ու մերկ փախավ նրանցից։ Եվ Հիսուսին քահանայապետի մոտ տարան, և բոլոր քահանայապետները, ծերերն ու դպիրները այնտեղ էին հավաքվել։ Պետրոսը, հեռվից նրան հետևելով, գնաց մինչև քահանայապետի պալատի գավթի ներսը. սպասավորների հետ նստել էր այնտեղ ու կրակի մոտ տաքանում էր։ Քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որ նրան սպանեն, սակայն չէին գտնում։ Շատերն էին նրա դեմ սուտ վկայություն տալիս, բայց վկայությունները չէին համընկնում։ Ոմանք վեր կացան, նրա դեմ սուտ վկայեցին՝ ասելով. «Մենք նրանից լսեցինք, որ ասում էր. "Ես այդ ձեռակերտ տաճարը կքանդեմ ու երեք օրում մեկ ուրիշը՝ անձեռակերտը, կկառուցեմ"»։ Սակայն նրանց վկայությունները չէին համընկնում։ Ապա քահանայապետը, մեջտեղում կանգնելով, Հիսուսին հարցրեց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. նրանք քո դեմ այս ի՞նչ են վկայում»։ Իսկ նա լռում էր ու ոչինչ չէր պատասխանում։ Քահանայապետը կրկին նրան հարցրեց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ Օրհնյալ Աստծու Որդին»։ Հիսուսը պատասխանեց. «Ես եմ։ Եվ դուք պիտի տեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և երկնքի ամպերով գալիս »։ Եվ քահանայապետը, իր պատմուճանը պատռելով, ասաց. «Այլևս կարիք ունե՞նք վկաների։ Դուք լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Եվ բոլորը դատապարտեցին նրան. հանցավոր է և պետք է մահապատժի ենթարկվի։ Ոմանք սկսեցին թքել նրա վրա, երեսը ծածկել ու բռունցքով նրան հարվածել և հարցնել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՞վ քեզ խփեց»։ Սպասավորները ևս ապտակում էին նրան։ Մինչ Պետրոսը ներքևում՝ գավթում էր, քահանայապետի աղախիններից մեկը եկավ և տեսավ Պետրոսին, որ տաքանում էր. նայեց նրան ու ասաց. «Դու էլ էիր Հիսուս Նազովրեցու հետ»։ Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ գիտեմ և ո՛չ էլ հասկանում եմ, թե դու ի՛նչ ես ասում»։ Նա նախագավիթ դուրս եկավ, և աքաղաղը կանչեց։ Աղախինը տեսավ նրան և այնտեղ գտնվողներին դարձյալ սկսեց ասել. «Սա էլ է նրանցից»։ Բայց Պետրոսը դարձյալ ուրացավ։ Քիչ հետո այնտեղ գտնվողները Պետրոսին դարձյալ ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, որովհետև գալիլեացի ես, և քո խոսվածքն էլ նման է»։ Պետրոսը սկսեց նզովել ու երդվել. «Ես չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։ Եվ աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Այդժամ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։ Եվ սկսեց լաց լինել։