Նրա մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա։ Նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է, որ եթե մեկի եղբայրը մեռնի ու կին թողնի, բայց զավակներ չթողնի, նրա եղբայրը թող կնության առնի նրա կնոջն ու իր եղբոր համար զավակ ապահովի ։ Ահա յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու մեռնելուց հետո զավակ չթողեց։ Երկրորդը նրան կնության առավ ու մեռավ, նա էլ զավակ չթողեց, նույն կերպ էլ երրորդը... Եվ այն յոթն էլ նրան կնության առան ու զավակ չթողեցին։ Իսկ բոլորից հետո կինը մեռավ։ Արդ, հարության ժամանակ, երբ հարություն առնեն, կինը նրանցից որի՞նը կլինի. որովհետև յոթն էլ նրան կնության էին առել»։ Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորության մեջ եք ընկել, որովհետև ո՛չ Սուրբ Գիրքը գիտեք, ո՛չ Աստծու զորությունը։ Որովհետև երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։ Սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում՝ մորենու դրվագի մեջ, չե՞ք կարդացել, թե Աստված ինչպե՛ս խոսեց նրա հետ ու ասաց. "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը" ։ Նա մեռածների Աստվածը չէ, այլ ողջերի. ուրեմն դուք մեծ մոլորության մեջ եք գտնվում»։
Դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը և տեսավ, որ Հիսուսը սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրան հարցրեց. «Ո՞րն է ամենակարևոր պատվիրանը»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Առաջին և ամենակարևոր պատվիրանը սա է՝ "Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տերը՝ Աստված, միակ Տերն է։ Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ" ։ Սա է առաջին պատվիրանը։ Իսկ երկրորդը սրան նման է՝ "Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես" ։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ Եվ դպիրը նրան ասաց. «Լա՛վ, Վարդապե՛տ, ճշմարիտ ասացիր, որ Աստված մեկ է, նրանից բացի ուրիշը չկա։ Եվ որ նրան ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ ու ամբողջ զորությամբ սիրելը և ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։ Եվ Հիսուսը, տեսնելով, որ նա իմաստությամբ պատասխանեց, նրան ասաց. «Դու Աստծու արքայությունից հեռու չես»։ Ու ոչ ոք այլևս չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։
Երբ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, ասաց. «Դպիրներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է։ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է.
"Տերն իմ Տիրոջն ասաց.
"Իմ աջ կողմո՛ւմ նստիր,
մինչև որ քո թշնամիներին
ոտքերիդ պատվանդան դնեմ" ։
Արդ, եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, հապա ինչպե՞ս կարող է նրա որդին լինել»։ Եվ մեծ բազմությունը հաճույքով նրան էր լսում։
Հիսուսն իր ուսուցման մեջ նրանց ասում էր. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնց դուր է գալիս փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակներում հարգալից ողջույններ ընդունել, ժողովարաններում առաջին աթոռները զբաղեցնել, ընթրիքներին՝ առաջին տեղերը։ Նրանք այրիների ունեցածն են ուտում ու ցուցադրաբար երկար աղոթք են անում։ Նրանք ավելի խիստ են պատժվելու»։