Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց և նրանց ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը և հենց այնտեղ մտնեք, մի կապված ավանակ կգտնեք, որի վրա դեռ ոչ ոք չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ Ու եթե որևէ մեկը ձեզ ասի՝ "Ինչո՞ւ եք դա անում", ասե՛ք, որ այն պետք է Տիրոջը, և նա այն իսկույն այստեղ կուղարկի»։ Նրանք գնացին ու ավանակը գտան փողոցից դուրս մի դռան մոտ կապված և արձակեցին այն։ Այնտեղ կանգնածներից ոմանք նրանց ասացին. «Այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդ ավանակն արձակում»։ Իսկ նրանք պատասխանեցին, ինչպես Հիսուսն էր կարգադրել, և թույլ տվեցին նրանց։ Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։ Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ Եվ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում.
«Օվսաննա՜,
օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը .
օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։
Օվսաննա՜ Բարձրյալին »։
Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկու աշակերտների հետ գնաց Բեթանիա։
Հետևյալ օրը, երբ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով՝ մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Բայց երբ մոտեցավ, տերևներից բացի ոչինչ չգտավ, որովհետև դեռ թզի ժամանակը չէր։ Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։
Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։ Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր։ Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝ "Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի" ։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն, սակայն նրանից վախենում էին, քանի որ ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ Երբ երեկոն իջավ, Հիսուսն իր աշակերտների հետ քաղաքից դուրս ելավ։