Նրանց հետ այս բաները խոսելու ժամանակ ահա մի իշխան եկավ, նրան երկրպագեց ու ասաց. «Աղջիկս հենց նոր մահացավ. բայց արի՛, ձեռքդ նրա վրա՛ դիր, և նա կկենդանանա»։ Հիսուսը վեր կացավ, նրա հետևից գնաց, և նրա աշակերտները ևս։ Եվ ահա տասներկու տարի արյունահոսությամբ տառապող մի կին, հետևից մոտենալով, դիպավ Հիսուսի հագուստի քղանցքին, որովհետև իր մտքում ասում էր. «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կփրկվեմ»։ Բայց երբ Հիսուսը շրջվեց և նրան տեսավ, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ կինը նույն պահից բժշկվեց։ Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու տագնապած մարդկանց, նրանց ասաց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծաղրում էին նրան։ Երբ մարդկանց դուրս հանեցին, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ։ Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ։
Երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, նրա հետևից երկու կույրեր էին գնում։ Նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի»։ Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»։ Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, ոչ ոք չիմանա»։ Իսկ նրանք դուրս ելան և նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ։
Երբ նրանք դուրս էին ելնում, ահա Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ Երբ դևը դուրս հանվեց, համրը խոսեց։ Եվ մարդիկ զարմացան ու ասացին, որ Իսրայելում այդպիսի բան երբեք չի տեսնվել։ Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»։
Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։ Նա, ժողովրդի բազմությունը տեսնելով, գթաց նրանց, որ հոգնել և ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ։ Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։