Մի՛ կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։
Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Մի՛ սպանիր" . իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը "հիմար" ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը "անմիտ" ասի, գեհենի կրակին կդատապարտվի։ Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։ Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես։
Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Մի՛ շնանա" ։ Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։ Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։
Ասվել է նաև. "Ով իր կնոջն արձակում է, թող նրան արձակման թուղթ տա" ։ Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։