Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվել է, գնաց Գալիլեա. թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.
«Զաբուղոնի՛ երկիր ու Նեփթաղիմի՛ երկիր,
ծովի ճանապարհ՝ Հորդանանից այն կողմ,
հեթանոսների Գալիլեա՛.
ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստած,
մեծ լույս տեսավ,
և մահվան ստվերով աշխարհում նստողների համար
լույս ծագեց» ։
Այդ ժամանակից Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
Մինչ Հիսուսը շրջում էր Գալիլեայի լճի եզերքով, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս կոչվեց, և Անդրեասին՝ նրա եղբորը. նրանք ուռկան էին գցում լճի մեջ, որովհետև ձկնորսներ էին։ Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք, իսկույն իրենց ուռկանները թողնելով, գնացին նրա հետևից։ Այնտեղից առաջանալով՝ Հիսուսը տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ նավի մեջ ուռկանները կարգի բերելիս։ Հիսուսը կանչեց նրանց։ Նրանք, իսկույն թողնելով նավն ու իրենց հորը, գնացին նրա հետևից։
Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում։ Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին զանազան ցավերից ու տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների, և նա բժշկում էր նրանց։ Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից։