Մատթեոս 28

28
Հիսուսի հարությունը
(Մրկ. 16.1-10, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)
1Շաբաթ երեկոյան՝ կիրակի լուսադեմին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց, մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։ 3Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։ 4Նրա ահից պահապանները դողացին ու մեռելի պես դարձան։ 5Հրեշտակը կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ 6Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ 7Իսկույն գնացե՛ք և նրա աշակերտներին ասե՛ք. "Մեռելներից հարություն է առել և ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում. այնտեղ նրան կտեսնեք"։ Ահա ասացի ձեզ»։ 8Եվ նրանք փութով գերեզմանից դուրս եկան, վախով ու մեծ ուրախությամբ վազեցին աշակերտներին պատմելու։
Հիսուսը երևում է յուղաբեր կանանց
(Մրկ. 16.9-14, Ղուկ. 24.13-49, Հովհ. 20.11–21.24)
9Հանկարծ Հիսուսը նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտեցան, փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ 10Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացեք ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա գնան և այնտեղ ինձ կտեսնեն»։
11Երբ նրանք գնացին, ահա պահակազորից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին ամբողջ պատահածը։ 12Իսկ նրանք, ծերերի հետ հավաքվելով, խորհրդակցեցին, զինվորներին բավական արծաթ տվեցին 13և ասացին. «Ասե՛ք. "Երբ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան և նրան գողացան"։ 14Իսկ եթե այս լուրը կառավարչին հասնի, մենք նրան կհամոզենք և ձեզ հոգսից կազատենք»։ 15Զինվորները վերցրին արծաթը և արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ սրա համբավը մինչև այսօր տարածված է հրեաների մեջ։
Հիսուսի վերջին պատգամը
(Մրկ. 16.15-18)
16Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց։ 17Երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին։ 18Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ 19Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, 20սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։

Արդեն Ընտրված.

Մատթեոս 28: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում