Մատթեոս 24:32-44

Մատթեոս 24:32-44 ՆՎԱԱ

Թզենու առակի՛ց դաս առեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ վերջը դռների մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։ Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու։ Այդ ժամանակ արտում երկու հոգի կլինեն. նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա։ Բայց սա իմացե՛ք, որ եթե տան տերն իմանար, թե գողը ո՛ր պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։ Դրա համար դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։