Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Քրիստոսն ահա այստեղ է կամ այնտեղ", չհավատաք։ Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։ Ահա նախապես ձեզ ասացի։ Արդ, եթե ձեզ ասեն՝ "Ահա անապատում է", չելնեք, "Ահա մառանում է", չհավատաք։ Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու. որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում։
Նեղության այդ օրերից հետո
արեգակն իսկույն կխավարի,
լուսինն էլ իր լույսը չի տա.
աստղերը երկնքից կընկնեն,
ու երկնքի զորությունները կշարժվեն։
Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով , զորությամբ ու մեծ փառքով։ Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։
Թզենու առակի՛ց դաս առեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ վերջը դռների մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։
Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։ Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու։
Այդ ժամանակ արտում երկու հոգի կլինեն. նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։
Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա։ Բայց սա իմացե՛ք, որ եթե տան տերն իմանար, թե գողը ո՛ր պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։ Դրա համար դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։
Ո՞վ է արդյոք այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։
Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան այդպես անելիս կգտնի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կկարգի։ Բայց եթե այդ ծառան չար լինի և իր մտքում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", և սկսի իր ծառայակիցներին ծեծել ու հարբեցողների հետ ուտել և խմել, այդ ծառայի տերը կգա մի օր, երբ նա չի սպասում, այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի։ Եվ նրան մեջտեղից կկտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։