Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ նրան տաճարի շինվածքը ցույց տան։ Հիսուսը նրանց ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդտեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի»։
Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։
Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։
Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։ Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։
Արդ, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը՝ սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա), այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու, ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու։ Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։ Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։ Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։ Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն։ Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Քրիստոսն ահա այստեղ է կամ այնտեղ", չհավատաք։ Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։ Ահա նախապես ձեզ ասացի։ Արդ, եթե ձեզ ասեն՝ "Ահա անապատում է", չելնեք, "Ահա մառանում է", չհավատաք։ Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու. որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում։
Նեղության այդ օրերից հետո
արեգակն իսկույն կխավարի,
լուսինն էլ իր լույսը չի տա.
աստղերը երկնքից կընկնեն,
ու երկնքի զորությունները կշարժվեն։
Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով , զորությամբ ու մեծ փառքով։ Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։