Մատթեոս 2:1-15

Մատթեոս 2:1-15 ՆՎԱԱ

Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու»։ Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ Նա, իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի կողմից այսպես է գրված. "Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ, քանի որ քեզանից իշխան պիտի ելնի, որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին" »։ Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք երեխայի մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ նրան»։ Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր։ Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։ Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ և գետնին ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց գանձերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ Նրանք, երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտեղ մնա՛, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի»։ Հովսեփը վեր կացավ, գիշերով վերցրեց երեխային ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս։ Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսից իմ որդուն կանչեցի» ։