Մատթեոս 19:1-15

Մատթեոս 19:1-15 ՆՎԱԱ

Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, Գալիլեայից հեռացավ և եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, և նրանց այնտեղ բժշկում էր։ Փարիսեցիները նրա մոտ եկան և նրան փորձելու համար ասում էին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2) ու ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն" , որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ Նրան ասացին. «Ուրեմն ինչո՞ւ Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։ Նրանց ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։ Բայց ասում եմ ձեզ. ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։ Աշակերտներն ասացին նրան. «Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ»։ Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է։ Որովհետև կան ներքինիներ, որոնք մոր որովայնից են այդպես ծնվել, կան նաև ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել, ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար են իրենք իրենց ներքինի դարձրել։ Ով կարող է այս ճանապարհով ընթանալ, թող ընթանա»։ Այդ ժամանակ Հիսուսի մոտ երեխաների բերեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները հանդիմանում էին նրանց։ Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։ Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու այնտեղից գնաց։