Մատթեոս 18:1-20

Մատթեոս 18:1-20 ՆՎԱԱ

Այդ նույն ժամին աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞վ է ավելի մեծ երկնքի արքայության մեջ»։ Հիսուսն իր մոտ կանչեց մի երեխայի, նրան աշակերտների մեջտեղում կանգնեցրեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ։ Եվ ով իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։ Իսկ ով ինձ հավատացող այս փոքրերից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովի հատակը սուզվի։ Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով. որովհետև հարկ է, որ գայթակղությունները գան, սակայն վա՛յ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա։ Եթե ձեռքդ կամ ոտքդ քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն ու դե՛ն գցիր. քեզ համար ավելի լավ է՝ կաղ կամ հաշմանդամ կյանք մտնես, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս, բայց հավիտենական կրակի մեջ գցվես։ Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն ու դե՛ն նետիր. քեզ համար ավելի լավ է՝ մեկ աչքով կյանք մտնես, քան երկու աչք ունենաս, բայց կրակի գեհենը գցվես։ Զգո՛ւյշ եղեք, որ այս փոքրիկներից որևէ մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը։ Որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու։ Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, ու նրանցից մեկը մոլորվի, նա իննսունիննին չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին որոնելու։ Եվ եթե դրան գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել։ Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրիկներից որևէ մեկը կորչի։ Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա առանձին լինեք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ Բայց եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով ամեն բան հաստատվի ։ Սակայն եթե նրանց էլ չլսի, եկեղեցո՛ւն ասա։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես լինի։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակեք, արձակված կլինի նաև երկնքում։ Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է։ Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։