Հիսուսի մոտ եկան փարիսեցիներն ու սադուկեցիները և նրան փորձելու համար խնդրում էին, որ իրենց երկնային մի նշան ցույց տա։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Երեկոյան ասում եք. "Լավ եղանակ կլինի, որովհետև երկինքը շառագունել է"։ Իսկ առավոտյան ասում եք. "Այսօր վատ եղանակ կլինի, որովհետև երկինքը մթնել և շառագունել է"։ Երկնքի նշանները քննել գիտեք, իսկ ժամանակների նշանները հասկանալ չե՞ք կարողանում։ Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, սակայն նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից»։ Եվ թողեց նրանց ու հեռացավ։
Երբ աշակերտները լճի մյուս ափը գնացին, մոռացան հաց վերցնել։ Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։ Նրանք իրենց մեջ մտածում էին ու ասում. «Հաց չենք վերցրել»։ Հիսուսը հասկացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չեք վերցրել։ Դեռ չե՞ք հասկացել կամ չե՞ք հիշում հինգ հազար մարդու համար այն հինգ հացի մասին կամ թե քանի՛ կողով վերցրիք, ոչ էլ այն յոթ հացը չորս հազար մարդու համար կամ թե քանի՛ զամբյուղ վերցրիք։ Ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար ձեզ չասացի, որ փարիսեցիների և սադուկեցիների խմորից զգուշանաք»։ Այն ժամանակ հասկացան, որ հացի խմորից զգուշանալու մասին չէր ասել, այլ փարիսեցիների և սադուկեցիների աղանդից զգուշանալու։
Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը եկավ, հարցրեց իր աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին. ո՞վ է Մարդու Որդին»։ Իսկ նրանք ասացին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ Նրանց ասաց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ Ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները, և ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում»։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, թե ինքն է Քրիստոսը։