Մատթեոս 15:21-39

Մատթեոս 15:21-39 ՆՎԱԱ

Հիսուսն այնտեղից դուրս ելավ և Տյուրոսի ու Սիդովնի կողմերը գնաց։ Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ որդի, իմ աղջիկը տառապում է դևից»։ Սակայն Հիսուսը նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց։ Նրա աշակերտները մոտեցան և խնդրում էին նրան՝ ասելով. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Իսկ կինը եկել և նրան երկրպագում էր՝ ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»։ Իսկ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը. թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։ Հիսուսը, հեռանալով այնտեղից, եկավ Գալիլեայի լճի մոտ և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։ Եվ նրան ժողովրդի մեծ բազմություն մոտեցավ. նրանք իրենց հետ ունեին կաղերի, կույրերի, համրերի, հաշմանդամների և ուրիշ շատերի։ Նրանց Հիսուսի ոտքերի առջև դրեցին, և նա բժշկեց նրանց, այնպես որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին՝ առողջ, կաղերին՝ քայլելիս, իսկ կույրերին՝ տեսնելիս, և փառաբանում էին Իսրայելի Աստծուն։ Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել. գուցե ճանապարհին նվաղեն»։ Աշակերտները նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա»։ Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ և մի քանի փոքր ձուկ»։ Հիսուսը ժողովրդին կարգադրեց, որ նստեն գետնին։ Նա վերցրեց այն յոթ հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս-մաս արեց և կտրեց ու աշակերտներին տվեց, աշակերտներն էլ՝ ժողովրդին։ Բոլորը կերան ու կշտացան. և ավելացած կտորներով յոթ զամբյուղ լցրեցին։ Ովքեր կերան, չորս հազար տղամարդիկ էին, կանանցից և երեխաներից բացի։ Հիսուսը բազմությանն արձակելուց հետո նավ նստեց ու Մագդաղայի սահմանները եկավ։