Մատթեոս 13:31-58

Մատթեոս 13:31-58 ՆՎԱԱ

Նրանց մի առակ ևս պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։ Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։ Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։ Այս ամենը Հիսուսը ժողովրդին առակներով ասաց. նրանց հետ առանց առակի չէր խոսում, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները» (Սաղ. 78.2)։ Այդ ժամանակ Հիսուսը թողեց ժողովրդին և տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ արտի որոմների առակը»։ Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է, իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են։ Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու։ Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։ Դարձյալ, երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում և մի թանկագին մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։ Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում, և երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին, լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին։ Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կելնեն և արդարների միջից չարերին կզատեն ու նրանց կրակի հնոցը կգցեն։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։ Հիսուսը նրանց ասաց. «Այդ բոլորը հասկացա՞ք»։ Նրան ասացին. «Այո՛, Տե՛ր»։ Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։ Երբ Հիսուսն այս առակներն ավարտեց, այդտեղից հեռացավ։ Նա եկավ իր հայրենի քաղաքը և ուսուցանում էր նրանց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։ Սա հյուսնի որդին չէ՞, սրա մայրը Մարիամ չի՞ կոչվում, իսկ եղբայրները՝ Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա։ Սրա քույրերը բոլորը մեզ մոտ չե՞ն։ Որտեղի՞ց սրան այս ամենը»։ Եվ գայթակղվում էին նրանով։ Իսկ Հիսուսը նրանց ասաց. «Չկա անարգված մարգարե, եթե ոչ իր գավառում ու իր տանը»։ Եվ Հիսուսը նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։