Մատթեոս 13:24-43

Մատթեոս 13:24-43 ՆՎԱԱ

Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։ Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան և ասացին. "Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է"։ Իսկ նա ասաց նրանց. "Թշնամի մարդն է դա արել"։ Ծառաները նրան ասացին. "Հիմա ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք"։ Նա ասաց. "Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք։ Թողե՛ք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. "Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ"»։ Նրանց մի առակ ևս պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։ Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։ Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։ Այս ամենը Հիսուսը ժողովրդին առակներով ասաց. նրանց հետ առանց առակի չէր խոսում, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները» (Սաղ. 78.2)։ Այդ ժամանակ Հիսուսը թողեց ժողովրդին և տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ արտի որոմների առակը»։ Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Լավ սերմը ցանողը Մարդու Որդին է, իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ Թշնամին, որ այն սերմանեց, սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են։ Արդ, ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու։ Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։