Մատթեոս 13:1-11

Մատթեոս 13:1-11 ՆՎԱԱ

Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց լճի եզերքին։ Նրա շուրջը ժողովրդի այնպիսի բազմություն հավաքվեց, որ նա նավակի մեջ նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը լճի եզերքին կանգնած մնաց։ Եվ նրանց հետ շատ բաներ առակներով էր խոսում՝ ասելով. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան, և երկնքի թռչունները եկան ու դրանք կերան։ Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով։ Բայց երբ արևը ծագեց, վառվեցին, և որովհետև արմատ չունեին, չորացան։ Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։ Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Աշակերտները մոտեցան և նրան ասացին. «Ինչո՞ւ ես նրանց հետ առակներով խոսում»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։