Մատթեոս 12:1-21

Մատթեոս 12:1-21 ՆՎԱԱ

Այդ ժամանակ մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր արտերի միջով։ Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին հասկ պոկել և ուտել։ Երբ փարիսեցիները տեսան, նրան ասացին. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ չի թույլատրվում անել շաբաթ օրը»։ Իսկ նա ասաց նրանց. «Դուք չե՞ք կարդացել, թե Դավիթն ի՛նչ արեց, երբ ինքն ու իր հետ եղողները քաղցեցին. ինչպե՛ս Աստծու տուն մտավ ու առաջավորության հացը կերավ, որ բացի քահանաներից, չէր թույլատրվում ուտել ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հետ եղողներին։ Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները շաբաթ օրերին տաճարում պղծում են շաբաթը, սակայն անմեղ են։ Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա։ Եվ եթե գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում "Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ" , անմեղներին չէիք դատապարտի։ Սակայն Մարդու Որդին շաբաթ օրվա տերն է»։ Եվ Հիսուսը, այնտեղից հեռանալով, եկավ նրանց ժողովարանը։ Եվ ահա այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանելու համար նրան հարցրին՝ ասելով. «Թույլատրվո՞ւմ է շաբաթ օրը բժշկություն անել»։ Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա, և այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ Արդ, մարդը որքա՜ն առավել է ոչխարից։ Ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։ Այդ ժամանակ Հիսուսն այդ մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա չորացած ձեռքը մեկնեց, և այն մյուսի նման առողջ դարձավ։ Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն։ Երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ։ Եվ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա հետևից, ու նա բոլորին բժշկեց։ Եվ պատվիրեց նրանց, որ իր մասին չհայտնեն, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Ահա իմ ծառան, որին ընտրեցի, իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ. իմ Հոգին նրա վրա կդնեմ, և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։ Նա չի հակառակվի, չի աղաղակի, և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։ Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի։ Եվ հեթանոսները հույսը կդնեն նրա անվան վրա» ։