Մատթեոս 10:24-42

Մատթեոս 10:24-42 ՆՎԱԱ

Աշակերտն ուսուցչից առավել չէ, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից։ Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը "Բեեղզեբուղ" կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին։ Արդ նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ինչ որ ձեզ խավարի մեջ եմ ասում, լույսի՛ մեջ ասեք, և ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա՛ քարոզեք։ Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։ Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Մի՛ կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։ Որովհետև եկել եմ բաժանելու որդուն իր հորից, աղջկան՝ իր մորից, հարսին՝ իր սկեսրոջից։ Եվ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն ։ Ով հորը կամ մորն ինձանից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ հետևից, նա ինձ արժանի չէ։ Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի։ Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Ով մարգարեին իբրև մարգարեի է ընդունում, մարգարեի վարձ կստանա, և ով արդարին իբրև արդարի է ընդունում, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի»։