Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու հիվանդությունները բուժելու։
Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց նրան։
Հիսուսն այս տասներկուսին ուղարկեց և նրանց պատվիրեց՝ ասելով. «Դեպի հեթանոսները տանող ճանապարհով չգնաք և սամարացիների քաղաք չմտնեք. ավելի լավ է՝ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ գնաք։ Երբ գնաք, քարոզե՛ք ու ասե՛ք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Հիվանդներին բժշկե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։ Ձեր գոտիների մեջ ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ վերցրեք. ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկուական հագուստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին։ Ո՛ր քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե այնտեղ ո՛վ կա ձեզ ընդունելու արժանի, և այնտե՛ղ մնացեք մինչև ձեր ելնելը։ Երբ այդ տունը մտնեք, նրան ողջո՛ւյն տվեք։ Եթե տունն արժանի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր խաղաղությունը ձեզ կվերադառնա։ Իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դատաստանի օրը սոդոմացիների և գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։ Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։ Իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք՝ նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք, քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսում է ձեր մեջ։ Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։ Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրի՛շը փախեք, որովհետև, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի մինչև Մարդու Որդու գալուստը։