Մատթեոս 10:1-15

Մատթեոս 10:1-15 ՆՎԱԱ

Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու հիվանդությունները բուժելու։ Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, նրա եղբայր Անդրեասը, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս ու Բարթողոմեոս, Թովմաս ու Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, Սիմոն Կանանացի ու Հուդա Իսկարիովտացի, որը և մատնեց նրան։ Հիսուսն այս տասներկուսին ուղարկեց և նրանց պատվիրեց՝ ասելով. «Դեպի հեթանոսները տանող ճանապարհով չգնաք և սամարացիների քաղաք չմտնեք. ավելի լավ է՝ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ գնաք։ Երբ գնաք, քարոզե՛ք ու ասե՛ք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Հիվանդներին բժշկե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։ Ձեր գոտիների մեջ ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ վերցրեք. ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկուական հագուստ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, քանի որ մշակն արժանի է իրեն տրվելիք կերակուրին։ Ո՛ր քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե այնտեղ ո՛վ կա ձեզ ընդունելու արժանի, և այնտե՛ղ մնացեք մինչև ձեր ելնելը։ Երբ այդ տունը մտնեք, նրան ողջո՛ւյն տվեք։ Եթե տունն արժանի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր խաղաղությունը ձեզ կվերադառնա։ Իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դատաստանի օրը սոդոմացիների և գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի։