Ղուկաս 9:37-62

Ղուկաս 9:37-62 ՆՎԱԱ

Հետևյալ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, շատ ժողովուրդ եկավ Հիսուսին ընդառաջ։ Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց ու ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ Ահա ոգի է նրան բռնում, և նա հանկարծ գոռում է. նրան գետնով է տալիս՝ բերանից փրփուր հանելով, ու նրան ջախջախելուց հետո հազիվ հեռանում է նրանից։ Ես քո աշակերտներին աղաչեցի, որ դրան հանեն, բայց չկարողացան»։ Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և հանդուրժեմ ձեզ։ Այստե՛ղ բեր քո որդուն»։ Եվ նրան մոտենալիս դևը նրան գետնով տվեց ու ցնցեց։ Հիսուսը պիղծ ոգուն սաստեց, երեխային բժշկեց և նրան իր հորը տվեց։ Եվ բոլորը զարմանում էին Աստծու մեծության վրա։ Եվ երբ ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վրա, ինչ Հիսուսը կատարում էր, իր աշակերտներին ասաց. «Ակա՛նջ արեք այս խոսքերին, որովհետև Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու»։ Բայց նրանք այդ խոսքը չէին հասկանում. դրա իմաստը նրանցից ծածկված էր, որ չհասկանան նրան, և դրա մասին նրան հարցնելուց վախենում էին։ Նրանց մեջ մի վեճ սկսվեց, թե իրենցից ո՛վ է մեծը։ Հիսուսը, նրանց սրտի մտքերն իմանալով, վերցնելով մի մանկան, նրան իր մոտ կանգնեցրեց։ Եվ նրանց ասաց. «Ով այս մանկանն իմ անունով ընդունի, ի՛նձ ընդունած կլինի, իսկ ով ինձ ընդունի, ինձ ուղարկողի՛ն ընդունած կլինի, որովհետև ով ձեր մեջ ամենափոքրն է, նա՛ է մեծը»։ Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, ու նրան արգելեցինք, որովհետև մեզ հետ չի շրջում»։ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև ով մեզ դեմ չէ, մեր կողմն է»։ Երբ լրանում էին նրա օրերը աշխարհից վերանալու, նա որոշեց Երուսաղեմ գնալ։ Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց. նրանք գնալով սամարացիների մի գյուղ մտան, որ նրա համար տեղ պատրաստեն։ Բայց նրան չընդունեցին, որովհետև նա Երուսաղեմ էր ուղղվում։ Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու դրանց ոչնչացնի»։ Իսկ նա դարձավ, սաստեց նրանց։ Եվ ուրիշ գյուղ գնացին։ Եվ մինչ նրանք գնում էին, ճանապարհին ոմն մեկը նրան ասաց. «Ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ գլուխը դնի»։ Մեկ ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Սա ասաց. «Տե՛ր, թո՛ւյլ տուր, որ նախ գնամ, իմ հորը թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա՛, Աստծու արքայությո՛ւնը քարոզիր»։ Մեկ ուրիշն էլ ասաց. «Տե՛ր, քո հետևից կգամ, միայն թե նախ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար»։