Երբ նա առանձին աղոթք էր անում, նրա հետ էին նաև աշակերտները։ Նրանց հարցրեց ու ասաց. «Ժողովուրդն իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ ես»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ "Եղիան", ուրիշներն էլ՝ "Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել"»։ Եվ նրանց ասաց. «Իսկ դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»։ Նա խիստ պատվիրեց նրանց, որ այդ ոչ ոքի չասեն։
Եվ ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, մերժվի երեցներից, քահանայապետներից ու դպիրներից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։ Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի։ Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի։ Որովհետև ով ինձ ու իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան կամաչեցնի, երբ գա իր, Հոր և սուրբ հրեշտակների փառքով։ Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև որ Աստծու արքայությունը չտեսնեն»։
Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո, Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին վերցնելով, լեռը բարձրացավ աղոթք անելու։ Եվ երբ նա աղոթում էր, նրա դեմքի կերպարանքն այլակերպվեց, և նրա հագուստն սպիտակափայլ դարձավ։ Եվ ահա նրա հետ խոսում էին երկու մարդ, որ Մովսեսն ու Եղիան էին։ Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ Բայց Պետրոսն ու նրա հետ եղողները խոր քնով էին անցել ու երբ զարթնեցին, տեսան նրա փառքը և այն երկու մարդկանց, որ կանգնած էին նրա մոտ։ Եվ երբ նրանք հեռանում էին նրանից, Պետրոսը Հիսուսին ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար լավ է, որ այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եվ չգիտեր, թե ի՛նչ էր խոսում։ Ու երբ նա այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի արեց, ու վախեցան, երբ այդ ամպի մեջ մտան։ Եվ ամպից ձայն եղավ, որ ասաց. «Դա՛ է իմ ընտրյալ Որդին, դրա՛ն լսեք»։ Այդ ձայնը լինելու պահին միայն Հիսուսն էր, և նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի ոչինչ չպատմեցին այն բաների մասին, ինչ տեսան։
Հետևյալ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, շատ ժողովուրդ եկավ Հիսուսին ընդառաջ։ Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց ու ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ Ահա ոգի է նրան բռնում, և նա հանկարծ գոռում է. նրան գետնով է տալիս՝ բերանից փրփուր հանելով, ու նրան ջախջախելուց հետո հազիվ հեռանում է նրանից։ Ես քո աշակերտներին աղաչեցի, որ դրան հանեն, բայց չկարողացան»։ Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և հանդուրժեմ ձեզ։ Այստե՛ղ բեր քո որդուն»։ Եվ նրան մոտենալիս դևը նրան գետնով տվեց ու ցնցեց։ Հիսուսը պիղծ ոգուն սաստեց, երեխային բժշկեց և նրան իր հորը տվեց։ Եվ բոլորը զարմանում էին Աստծու մեծության վրա։
Եվ երբ ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վրա, ինչ Հիսուսը կատարում էր, իր աշակերտներին ասաց.