Ղուկաս 8:1-25

Ղուկաս 8:1-25 ՆՎԱԱ

Դրանից հետո նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով և Աստծու արքայությունն ավետելով։ Նրա հետ էին նաև տասներկուսը, մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, որից յոթ դև էր դուրս եկել, Հովհաննան՝ Հերովդեսի տան տեսուչ Քուզայի կինը, Շուշանը և շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքով ծառայում էին նրան։ Երբ ժողովրդի մեծ բազմություն ու բազում քաղաքներից նրա մոտ եկածներ էին հավաքվել, առակով ասաց. «Սերմնացանը ելավ իր սերմը ցանելու։ Սերմանելիս մի մասը ճանապարհի եզերքին ընկավ, կոխկռտվեց, ու երկնքի թռչունները կերան։ Ուրիշ մի մաս ապառաժի վրա ընկավ և բուսնելու ժամանակ խոնավություն չլինելու պատճառով չորացավ։ Մեկ այլ մաս փշերի մեջ ընկավ, և փշերը նրա հետ բուսնեցին ու խեղդեցին այն։ Եվ ուրիշ մի մաս բարեբեր ու պարարտ հողի վրա ընկավ և բուսնեց, հարյուրապատիկ պտուղ տվեց»։ Այս ասելիս բացականչեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։ Աշակերտները նրան հարցրին. «Այդ առակն ի՞նչ է նշանակում»։ Նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ արքայության խորհուրդները, բայց ուրիշների հետ առակներով եմ խոսում, որպեսզի նայելով չտեսնեն ու լսելով չիմանան ։ Իսկ առակը այս է նշանակում. սերմն Աստծու խոսքն է։ Որոնք ճանապարհի եզերքին են, նրանք են, ովքեր լսում են, բայց հետո սատանան գալիս և խոսքը նրանց սրտից հանում է, որ չհավատան ու չփրկվեն։ Որոնք ապառաժի վրա են, նրանք են, ովքեր երբ լսում են, խոսքն ուրախությամբ ընդունում են, սակայն դրանք արմատ չունեն. միառժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակ հեռանում են։ Փշերի մեջ ընկնողները նրանք են, որ լսում են խոսքը, բայց հոգսերի, հարստության, կյանքի հաճույքների ներքո ընթանալով՝ խեղդվում են ու անպտուղ լինում։ Իսկ այն պարարտ հողի մեջ եղողները նրանք են, որ բարի ու հոժար սրտով լսելով խոսքը՝ ընդունում են ու համբերությամբ պտուղ են տալիս։ Ոչ ոք ճրագը չի վառի և ամանի տակ թաքցնի կամ մահճի տակ դնի, այլ աշտանակի վրա կդնի, որ ներս մտնողները լույսը տեսնեն։ Որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի ու չբացահայտվի։ Ուրեմն ուշադի՛ր եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ կարծում է, թե ունի, նրանից կվերցվի»։ Հիսուսի մայրն ու նրա եղբայրները իր մոտ էին եկել ու բազմության պատճառով չէին կարողանում նրան մոտենալ։ Իմաց տվեցին նրան ու ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում կանգնել, ուզում են տեսնել քեզ»։ Իսկ նա պատասխանեց նրանց և ասաց. «Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են ու կատարում»։ Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավ նստեց ու նրանց ասաց. «Լճի մյուս կողմն անցնենք»։ Եվ ճանապարհ ընկան։ Երբ նավարկում էին, նա քնեց։ Եվ լճի վրա մրրիկ իջավ, ու նավը ջրով էր լցվում, և վտանգի մեջ էին։ Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, կորչում ենք»։ Եվ նա վեր կացավ, սաստեց մրրիկին ու ջրի ալեկոծությանը, և հանդարտվեցին, ու խաղաղություն եղավ։ Եվ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Նրանք սարսափած զարմացան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ հողմերին ու ջրերին էլ է հրաման տալիս, և իրեն հնազանդվում են»։