Ղուկաս 6:1-26

Ղուկաս 6:1-26 ՆՎԱԱ

Շաբաթ օր էր, երբ Հիսուսն անցնում էր արտերի միջով. նրա աշակերտները հասկ էին պոկում, ափի մեջ տրորում և ուտում։ Փարիսեցիներից ոմանք նրանց ասացին. «Ինչո՞ւ եք անում այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրով»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգացին ինքը և իր հետ եղողները. ինչպես նա Աստծու տունը մտավ, վերցրեց առաջավորաց հացերն ու կերավ և տվեց իր հետ եղողներին, որ ուտելու իրավունք չունեին, բացի քահանաներից»։ Եվ նրանց ասաց. «Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է»։ Մի ուրիշ շաբաթ օր նա ժողովարան մտավ և ուսուցանում էր. այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր։ Դպիրներն ու փարիսեցիները հետևում էին նրան՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով պիտի բժշկի՞, որպեսզի նրան ամբաստանելու բան գտնեն։ Իսկ նա, որ գիտեր նրանց մտքերը, չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց ու մեջտեղում կանգնի՛ր»։ Նա վեր կացավ և կանգնեց։ Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ եմ հարցնում. ի՞նչն է օրինավոր շաբաթ օրով՝ բարի՞ք անելը, թե՞ չարիք, հոգի ապրեցնե՞լը, թե՞ կորստյան մատնելը»։ Եվ շուրջը հավաքված բոլորի վրա նայելով՝ այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, և նրա ձեռքը մյուսի նման առողջացավ։ Նրանք կատաղությամբ լցվեցին և միմյանց հետ խոսում էին, թե Հիսուսին ի՛նչ անեն։ Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ Երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին, ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքյալներ անվանեց. Սիմոնին, որին էլ Պետրոս անվանեց, և Անդրեասին՝ նրա եղբորը, Հակոբոսին ու Հովհաննեսին, Փիլիպպոսին և Բարթողոմեոսին, Մատթեոսին և Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին և Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին, Հակոբոսի որդի Հուդային և Հուդա Իսկարիովտացուն, որը և մատնիչ եղավ։ Եվ նրանց հետ իջնելով՝ կանգ առավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ, ինչպես նաև Հրեաստանից ու Երուսաղեմից, Տյուրոսի ու Սիդովնի ծովեզերքից ժողովրդի մի մեծ բազմություն եկել էին նրան լսելու և իրենց հիվանդություններից բժշկվելու։ Եվ պիղծ ոգիներից տառապողները բժշկվում էին։ Ամբողջ ժողովուրդն ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս ու բժշկում էր բոլորին։ Հիսուսն աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։ Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենաք։ Երանի՜ նրանց, ովքեր լալիս են այժմ, որովհետև պիտի ծիծաղեք։ Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն, երբ ձեզ մերժեն ու նախատեն և Մարդու Որդու պատճառով ձեր անունը վարկաբեկեն։ Այդ օրն ուրա՛խ եղեք ու ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում, որովհետև մարգարեների հանդեպ նրանց հայրերը նույն կերպ էին վարվում։ Բայց վա՛յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունն արդեն ստացել եք։ Վա՛յ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցելու եք։ Վա՛յ ձեզ, որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք և լացեք։ Վա՛յ ձեզ, երբ բոլոր մարդիկ ձեր մասին բարի խոսեն, որովհետև սուտ մարգարեներին նրանց հայրերն այդպես էին անում։